ABCMEDIA
«Ազգային կոմիտեի» հետ կապ չեմ ունեցել, «ժամանակավոր կառավարությունը գլխավորելու հարց չի քննարկվել. Թաթոյան

«Ազգային կոմիտեի» հետ կապ չեմ ունեցել, «ժամանակավոր կառավարությունը գլխավորելու հարց չի քննարկվել. Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը։

Պատգամավորը երեկ տեղեկացրել է, որ «Ազգային կոմիտեն» նախատեսում էր ժամանակավոր կառավարության ղեկավար նշանակել Արման Թաթոյան։ Ըստ Մինասյանի` ժամանակավոր կառավարության կազմում պետք է ներառվեր նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ 

«Նախ, ինքս որևէ կապ չունեմ և չեմ ունեցել ԱԺ պատգամավորի նշած քաղաքական գործընթացների և Ազգային կոմիտեի, դրա քննարկումների հետ։ Ինձ հետ որևէ անգամ չի քննարկվել «ժամանակավոր կառավարություն» ձեւավորելու կամ այն գլխավորելու հարցեր։ 

Այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է ու անհասկանալի»,- գրել է Թաթոյանը։

Նա նշել է, որ Հայաստանի անվտանգության ահագնացող հիմնախնդիրները, Արցախի հայերի բռնի տեղահանումը, հայկական ինքնությանը սպառնացող վտանգները, Հայաստանում հասարակության ներքին պառակտումն ու թշնամանքը, Սփյուռքի հետ համակարգային խզված կապերը պահանջում են հրատապ լուծումներ: Այս հարցերը խորապես մտահոգում են ինչպես մեր յուրաքանչյուր հայրենակցի, այնպես էլ իրեն։ Բայց Թաթոյան ընդգծել է, որ որևէ քաղաքական ուժի չի հարում։

Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով»,- գրել է Թաթոյանը: