ABCMEDIA
«Պահանջվում է ապագա՝ Նիկոլն ընդդեմ Սերժ Տեր-Քոչարյանի»․ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից

«Պահանջվում է ապագա՝ Նիկոլն ընդդեմ Սերժ Տեր-Քոչարյանի»․ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից

POSTNIKOL. Ի՞նչ անել
ազգ մնալու համար (մաս 11-րդ)

 Հայաստանի քաղաքական
օրակարգում Արցախի անկումից հետո ևս ակտիվորեն պահպանվում է դիսկուրսը, թե ով էր մեղավոր
այս փուլում Արցախյան հիմնախնդրի՝ նման կատաստրոֆիկ տապալման մեջ: Այս հարցով «ներկաներ-նախկիններ»
հակադրությունն ավելի բարդ կառուցվածք ունի, քանզի Արցախյան հիմնահարցով զբաղվող «նախկինների»
հավաքականության մեջ հստակ տարանջատվում են 3 նախկին նախագահների և իրենց քաղաքական
թիմերի առանձին ակտիվությունն ու կոնտենտը:

 «3 նախագահներ և Նիկոլը»՝
այս սուպեր-մարտերի նշանակությունն իրականում շատ կիրառական է, և պոտենցիալ հաղթողի
համար լուծում է առնվազն երկու խնդիր. ներկա պատասխանատվության և պատմական արդարության:

 Ծավալված «հիշողության
պատերազմների» մեջ բոլոր 4 կողմերի խոսույթը ձևավորված է և տարբեր վարիացիաներով հայտնվում
է հասարակաքաղաքական լրահոսի մեջ:

 1. Փաշինյանի խոսույթը
բաղկացած է շատ պրիմիտիվ բանաձևից. «Սաղ նախկիններն են մեղավոր», որը մատուցվում է
փաստերի հրեշավոր ձևախեղումներով, բացահայտ կեղծիքներով, բազում ինքնահակասումներով
և տոտալ անբարոյականությամբ: Իր առջև դրված խնդիրը լուծելու համար նա և իր թիմը պարբերաբար
դիմում են անգամ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից մշակված հակահայկական զինանոցին,
օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ հայտնի բանաձևերի աղավաղումները: Ավելին, Փաշինյանը դիմում է նույնիսկ
այնպիսի մանիպուլյացիաների, որոնք չեն օգտագործվել անգամ Ալիևների կողմից, օրինակ,
ԱլմաԱթայի հռչակագիրն Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում դնելը:

 2. Լևոն Տեր-Պետրոսյանի
քաղաքական թիմը ողջ ջանքերը կենտրոնացրել է «Լևոնը զգուշացնում էր, և եթե 1997թ.-ին
հեղաշրջում չլիներ, այսպես չէր լինի» թեզի վրա: Այս թիմը միաժամանակ փորձում է դիստանցավորվել
Նիկոլից, որպես «Լևոնի հոգեզավակից»՝ ջանքեր գործադրելով «Արցախը չէր լինի ադրբեջանական»
թեզի ներքո լղոզելու այդ տարիների բանակցային գործընթացի սուր անկյունները:

 3. Ռոբերտ Քոչարյանի
և իր քաղաքական թիմի խոսույթը նույնպես բյուրեղացած է. «Բեկել ենք բանակցությունների
ընթացքը, 10 տարի բոլոր առաջարկվող տարբերակներում պահել ենք մեր դիրքերը, 2007թ.-ի
Մադրիդյան սկզբունքներով ամրագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Քանի որ
1998-2008թթ. բանակցային սյուժեները և վիրաժները բազմազան էին, Երկրորդ նախագահի թիմի
արցախյան խոսույթը բաժանվում է մի քանի խաղատախտակների վրա:

 4. Սերժ Սարգսյանի
և իր քաղաքական թիմի, ներառյալ՝ իմ խոսույթն Արցախի հարցով բանաձևվում է «Արցախը չի
լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով, որը 2008-2018թթ. կյանքի էր կոչվում Մադրիդյան
սկզբունքների հետևողական լրամշակումների և լավարկումների միջոցով, որոնց շնորհիվ Արցախի
ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, երաշխավորման և ճանաչման համար ստեղծվում
էին միջազգային մեխանիզմներ: Այս տարիների վրա իր հետքն են թողել նաև Ապրիլյան պատերազմը
և դրա դիվանագիտական արդյունքները (Վիեննա և Սանկտ Պետերբուրգ):

 Վերը նկարագրված դիրքավորումների
մեջ Փաշինյանն ակնհայտ տակտիկական առավելություն ունի երկու պատճառով: Նախ, տիրապետելով
իշխանական ռեսուրսների, բոլոր մակարդակներում ավելի հեշտ է առաջ մղում իր կեղծ նարատիվները:
Եվ, ինչն ավելի կարևոր է, իր խոսույթը, հիմնված լինելով կեղծիքի և ստի վրա, շատ ավելի
պրիմիտիվ է, հետևաբար՝ ավելի դյուրամարս և ինտելեկտուալ հիմք ու աշխատանք չպահանջող:
Համաձայնեք, շատ ավելի հեշտ է միջին վիճակագրական սպառողին վաճառել պարզունակ «սաղ
նախկիններն են մեղավոր» շիլան, քան դիմացինին դրդել գոնե մի քիչ մտածելու: Սակայն,
իմ խորին համոզմամբ, անգամ դա չէ Փաշինյանի՝ դեռևս շարունակվող իրականության գաղտնիքը:

 Անցյալի համար մղվող
ներքաղաքական պայքարը չի կարող սահմանափակվել միայն պատմության մեջ մնալու կամ մեղավոր
ճանաչվելու նպատակներով: Հայտնի օրինաչափություն է, որ նա, ով կառավարում է անցյալը,
կառավարում է նաև ապագան: Եվ ահա այստեղ է սեպտեմբերի 19-ից հետո առ այսօր ստեղծված
իրավիճակում Նիկոլը ստանում առավելություն, քանզի վերջին ժամանակներում նա միակն է,
ով շարունակում է համառորեն հրամցնել իր պատկերացրած «ապագայի» մոդելը, որը հիմնված
է վերջնական կապիտուլյացիայի և կործանարար հակառուսականության վրա:

 Ակնհայտ է, որ այդ
երկու սկզբունքների վրա կառուցվող ապագան լինելու է նույնքան արյունալի և ողբերգական,
որքան նիկոլական Հայաստանի անցյալն է և ներկան: Ուստի հիշողության պատերազմներում պետք
է հաղթել ոչ միայն իրական անցյալն ամրագրելու, այլև արժանապատիվ և կենսունակ ապագա
բանաձևելու համար:

 ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

02.11.2023թ.