27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս իրավիճակում ազգային-ազատագրական պայքարը կարող է լինել խնդիրների լուծում․ Դ․ Անանյան

Այս իրավիճակում ազգային-ազատագրական պայքարը կարող է լինել խնդիրների լուծում․ Դ․ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր երկրում իրավիճակն իրենից ներկայացնում է մի մեծ և բարդ քաղաքական թմբիր: Նախ, առկա է կառավարման (ավելի շատ՝ իշխանության) ճգնաժամ: Չնայած 2021 թվականին վերընտրվելուն, ներկայիս քաղաքական իշխանությունը չի ցուցաբերում բավարար կոմպետենտություն կամ արդյունավետություն (իսկ երբեմն նրանց գործողությունները կամ անգործությունը որակվում են որպես ազգայն շահերին դավաճանություն):
Երկրորդ, քաղաքական էլիտայի և կոնտրէլիտայի (ընդդիմության) միջև հակամարտությունը (ավելի ստույգ՝ դրա բացակայությունը) նույնպես հաստատում է իշխանության ճգնաժամի առկայությունը։ Երկու կողմերն էլ կարծես ավելի շատ մտահոգված են իշխանության հանդեպ իրենց մոլուցքով, քան երկիրը կառավարելու և ճգնաժամից դուրս բերելու նոր ուղիների առաջարկությամբ ու պատասխանատվության ստանձմամբ: Ընդդիմությունը չի կարող (կամ չի ցանկանում) կազմակերպել համաժողովրդական շարժում:
Երրորդ՝ հասարակության մասնատվածությունը խորը և բովանդակալից քննարկում պահանջող խնդիր է։ Ակնհայտ է, որ պատերազմում պարտությունը, գործող իշխանությունների վերընտրվելը և Արցախի կորուստը, պառակտել է հանրությունը՝ էլ ավելի սրելով սոցիալական լարվածությունը։
Թերևս այս իրավիճակում միայն ազգային (ժողովրդական)-ազատագրական պայքարը կարող է հանդիսանալ խնդիրների լուծման ցանկալի և իդեալական մեխանիզմ։ Այն ենթադրում է ակտիվ հասարակական մասնակցություն, խաղաղ դիմադրություն ապատիային ու անգործությանը, ինչպես նաև փոփոխությունների պարտադրում:
Ելնելով լիբերալ ժողովրդավարության սկզբունքներից և մարդու իրավունքների փիլիսոփայությունից, ազգային-ազատագրական պայքարը նախընտրելի կլիներ իրականացնել հետևյալ քայլերի ձեռնարկմամբ.

1․Քաղաքացիական հասարակության կառուցում. հասարակության տարբեր կայացած խմբերի միջև երկխոսության հաստատումը նպաստում է ազգային ողբերգության և վշտի պատճառների ընդհանուր ըմբռնմանը:

2. Տեղեկատվական աշխատանք. կարևոր է ընդգծել ներկայիս կառավարության ամեղսունակությունը, ձախողումներն ու կործանարար օրակարգերը, ինչպես նաև առաջարկել կառավարման և ազգային օրակարգերի այլընտրանքային տարբերակներ:

3. Ընդդիմության ուժեղացում. եթե գոյություն ունեցող ընդդիմությունը չի կարողանում էական փոփոխություններ իրականացնել, ապա արժե աշխատել դրա ամրապնդման վրա: Սա կարող է ներառել նոր քաղաքական շարժումների ձևավորում, որոնք ընդգծում են քաղաքացիական ներգրավվածության, քաղաքական մասնակցության և թափանցիկության գաղափարները:

4. Ճնշումներ իշխանությունների վրա. գործող իշխանությունը կարելի է պահել վերահսկողության տակ՝ շարունակական հասարակական ճնշման միջոցով։ Հանրահավաքներ, հրապարակային ակցիաներ, ցույցեր. այս ամենը կարող է օգտագործվել որպես ժողովրդի դժգոհությունը դրսևորելու միջոց։

5. Ժողովրդավարական ակտիվություն. ակտիվության մեծացման և քաղաքական կյանքում քաղաքացիների ակտիվ մասնակցության կոչը կարող է նվազեցնել ապաշնորհ իշխանությունների վերահսկողական կարողությունները:
Համաժողովրդական ազատագրական պայքար սկսելը պահանջում է մտածված ու հավասարակշռված մոտեցում։ Առանցքայինը ոչ թե ավելի մեծ տարաձայնություն և ատելություն առաջացնելն է, այլ հասարակությանը ընդհանուր նպատակների, ժողովրդավարական սկզբունքների և ներքին ռեսուրսների շուրջ համախմբելու փորձը: Ի վերջո, ցանկացած պայքարի նպատակը պետք է լինի ոչ միայն իշխանափոխությունը, այլ ավելի արդար, թափանցիկ ու բարեկեցիկ հասարակության ստեղծումը»։