ABCMEDIA
Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները՝ խաղաղության խաչմերուկին

Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները՝ խաղաղության խաչմերուկին

Ադրբեջանական կողմի առաջարկով` սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսվեցին Իջևանի Ոսկեպարի հատվածից։ Արդյուքում մի շարք հայկական բնակավայրեր պետք է անցնեն Ադրբեջանին։

Ոչ վաղ անցյալում Փաշինյանը խոսում էր այն մասին, որ Հայաստանը չունի, այսպես կոչված, «կադաստրի վկայական»։ Եվ դրա համար անհրաժեշտ է, որ Երևանը Բաքվի հետ սկսի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները՝ միջազգայնորեն ճանաչված հստակ սահմաններ ձևավորելու համար։ Առաջին հայացքից տրամաբանական թվացող այս փաստարկումն իրականում լուրջ հիմքեր չունի։ Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված երկիր է։ Միակ պետությունը, որ այն չի ճանանչում Պակիստանն է։ Եվ, այս պարագայում, «կադաստրի վկայականի» մասին ցանկացած խոսակցություն զառանցագին է և իմաստազուրկ։

Ընդհանրապես, այսօրվա իշխանությունների հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ ժամանակին ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանին են անցել ադրբեջանական տարածքներ։ Եվ, հիմա, որպեսզի գա խաղաղության դարաշրջանը, բացվեն խաղաղության խաչմերուկները, անհրաժեշտ է, որ այդ տարածքները զիջվեն Ադրբեջանին։ Սրա հետ մեկտեղ, ոչ մի խոսք չկա վերջին տարիներին Ադրբեջանի իրականացրած տարածքային բռնազավթումների վերադարձի անհրաժեշտության մասին։ Փաշինյանը ասում է, որ Արծվաշենը հայկական անկլավ է Ադրբեջանի տարածքում։ Բայց, հարցին, թե երբ այդ տարածքը կանցնի Հայաստանին, նա պատասխանում է, որ սկզբում Ադրբեջանի հետ պետք է իրականացնել սահմանազատման աշխատանքները, այնուհետև կփորձեն լուծել Արծվաշենի հարցը։ Միայն սրանից պարզ երևում է, որ ոչ թե տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, այլ Հայաստանը պարզապես գնում է միակողմանի զիջումների։ Այս փաստարկի օգտին է վկայում նաև այն հանգամանքը, որ օվա իշխանությունները Ադրբեջանի հետ երկկողմանի ձևաչափով են իրականացնում սահմանազատման աշխատանքները առանց երրորդ կողմի ներգրավման և առանց խաղաղության պայմանագիր կնքելու։ Չէ՞ որ միջազգային փորձը Եվրոպայում 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմներից հետո և աշխարհի այլ կոնֆլիկտային հատվածներում վկայում է, որ կոնֆլիկտ ունեցող երկրները, նախ կնքում են խաղաղության պայմանագիր։ Այնուհետև, սահմանազատման աշխատանքներ կատարելիս հրավիրում են չեզոք երկրների և միջազգային կառույցների դիտորդներին։ Սա արվում է այն պատճառով, որ խաղաղության պայմանագրի միջոցով հստակեցվում է սահմանազատման ընթացակարգերը, իսկ միջազգային դիտորդները հետագայում արձանագրում են այդ ընթացակարգերի ճշգրիտ իրականացումը կամ դրա խախտումները։ Միայն այս քայլերի շնորհիվ է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացները դրական պրոցեսի են վերածվում, և վերջ են տալիս կոնֆլիկտային իրադրությանը։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի պարագայում չկա նշված գործոններից և ոչ մեկը։ Դեռ ավելին Փաշինյանը և իր վարչախումբը նույնիսկ չի էլ հստակեցնում, թե սահմանային, որ հատվածներում կան վիճելի տարածքներ, որոնք կարող են անցնել մի կողմից մյուսին։ Սա արվում է, որպեսզի Ադրբեջանի ցանկացած պահանջ իրականացվի, և հետո այսօրվա իշխանությունները կարողանան արդարանալ, թե սահմանազատման գործընթացի արդյունքում, պարզվեց, որ դրանք ադրբեջանական հողեր էին։ Այստեղ օրինաչափ հարց կարող է առաջանալ։ Թե ինչու՞ է Փաշինյանը և իր վարչախումբը հիմա էլ սահմանագծման ու սահմանազատման գործընթացների անվան ներքո գնում այսքան զիջումների որոնք էլ, ըստ էության, հանգեցնելու են Հայաստանի Հանրապետության կապիտուլացմանը։ Տարբեր մեդիա հարթակներում կա տարածված մի տեսակետ, ըստ որի, ներկայիս վարչակարգը ընտրել է այսպիսի զիջողական քաղաքականություն, որպեսզի կանխարգելի Ադրբեջանի հետ հետագա հնարավոր պատերազմը՝ սկիզբ դնելով տևական խաղաղության։ Սակայն, այն պայմաններում, երբ չկա խաղաղության պայմանագիր անիմաստ է խոսել խաղաղության մասին։ Իսկ ինչ վերաբերում է ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, ապա պետք է նշել, որ ոչ ոք, դեռևս զիջողական քաղաքականությամբ չի հասել խաղաղության, այլ, ընդհակառակը, բերել է միայն պատերազմ։ Սրա վառ օրինակն է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի քաղաքականությունը Հիտլերի նկատմամբ 2-րդ համաշխարհային պատերզմից առաջ։ Ֆրանսիայի և հատկապես Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա իշխանությունները ամեն հարցում զիջումների էին գնում ֆաշիստական Գերմանիային։ Արդյունքում Հիտլերի ախորժակը միայն ավելի գրգռվեց, և սկիզբ առավ պատմության մեջ ամենակործանարար պատերազմը։ Եվ, այս առումով, Հայաստանի զիջողական քաղաքականությունը ևս բացառություն չի լինելու։ Ադրբեջանը Հայաստանի կամազուրկ իշխանություններից խաղաղ զիջումների միջոցով կկորզի այնքան տարածք, որքան հնարավոր է, իսկ հետո, ունենալով դիրքային առավելություն, կդիմի ռազմական գործողությունների։ Ինչպես բնորոշ է պատմականության ժանրի սցենարին։ Այս իշխանությունների հակապետական գործունեության միակ բացատրությունը կարող է լինել այն, որ նրանք փորձում են Հայաստանի քաղաքականությունը համապատասխանեցնել Եվրոպայի և գլոբալ Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերին։ Արևմտյան, գրեթե բոլոր պետությունները ողջունելի են համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացները։ Քանի որ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեկտեղ, Հայաստանով անցնող հորիզոնական կոմունիկացաիաների բացման շահառու է նաև Եվրամիությունը։  Այդ կոմունիկացիան հնարավորություն է ստեղծում կարճացնել ճանապարհը դեպի հեռավոր արևելք և Չինաստան՝ շրջանցելով Իրանը և Ռուսաստանը։ Փաշինյանն էլ, խնդիր ունենալով պահել իր լեգիտիմազուրկ իշխանությունը, քաղաքական առևտրի մեջ է մտել Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի հետ՝ վտանգելով ազգային, պետական և եթե կուզեք ժողովրդի շահերը։

Աշոտ Բարեքյան