11 Հոտ
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
14.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիբանանի հայերի մի մասը որոշել են լքել երկիրը․ Շահան Գանտահարյան

Լիբանանի հայերի մի մասը որոշել են լքել երկիրը․ Շահան Գանտահարյան

Իսրայելը հարվածում է Լիբանանի հարավային և կենտրոնական հատվածներին։ Հրթիռակոծվեցին նաև ՄԱԿ խաղաղապահ ուժերը, ինչը բուռն քննարկման պատճառ դարձավ. ABCmedia-ի հետ զրույցում ասել է Լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

«Չնայած իսրայելական հարվածներին՝ ՄԱԿ-ը հայտարարել է, որ տեղից չի շարժվելու։ Այստեղ իրավիճակը լարվել էր նաև Բայդենի և Նեթանյահուի գրեթե ութ ժամ տևած հեռախոսազրույցից հետո։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ նրանք քննարկել էին նաև Իրանին հարվածելու հարցը»,- ասել է Գանտահարյանը։

Երեկ տարբեր ուղղություններով թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական գրոհներ են եղել, ինչից հետո Լիբանանի հայ համայնքում մտահոգության ալիք է բարձրացել։

«Իսրայելը ընդլայնում է հարվածների աշխարհագրությունը, որի պատճառով լարված տրամադրություն է ստեղծվել նաև հայ համայնքում։ Անորոշություն է, լարված մթնոլորտ, սպասողական իրավիճակ։ Չնայած վերջին օրերին ռմբակոծությունները վերադարձել են հարավային հատվածներ, բայց, այնուամենայնիվ, անսպասելի հարվածները հենց Բեյրութի կենտրոնին չեն դադարում։ Լինում են նաև օդային հարձակումներ»։

Գանտահարյանի խոսքով՝ հրադադարը տեսանելի չէ՝ չնայած, որ աշխարհի տարբեր կողմերից խոսվում է գոնե ժամանակավոր՝ 21-օրյա դադարի մասին։ Վերադառնալով հայ համայնքի խնդիրներին` գլխավոր խմբագիրը նշել է՝ զանգվածային խուճապային տրամադրություն չկա, բայց կան հայեր, որոնք արդեն մտածում են երկիրը լքելու մասին։

«Գնալով հարվածները ավելի ինտենսիվ են դառնում, հաճախ ու անսպասելի, դրա համար հայերից ևս ցանկանում են հեռանալ»։

Իսրայելի հարվածներից երկրում էլեկտրաէներգիայի խնդիր չկա, համացանցն է տուժում։ Ջրի խնդիր եղել էր ամռանը, հիմա վիճակը գնալով բարելավվում է։ Երկրում քաղաքական անորոշություններ են կաշկանդող. ասել է Շահան  Գանտահարյանը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Իսրայելը հարվածել է Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ԱՆ Նաբա շրջանին։ Հարվածների հետևանքով զոհվել է 22, վիրավորվել  117 մարդ։