ABCMEDIA
Էրդողան-Ալիև հանդիպումը Նախիջևանում և ադրբեջանական մեդիայի հակահայ մեսիջները․ վերլուծություն

Էրդողան-Ալիև հանդիպումը Նախիջևանում և ադրբեջանական մեդիայի հակահայ մեսիջները․ վերլուծություն

Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր Նախիջևանում է, որտեղ Ադրբեջանի 
նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու է ռազմավարական նշանակության մի շարք հարցեր։

«Սուլթանին» դիմավորելու արարողությունը գերշքեղ էր, իսկ նրա անձնական
վստահությունը վայելող, սեփական երկրի ինքնիշխանությամբ ու սուվերենությամբ պարտքերը
մարել նախընտրող Ալիևը երկար ժամանակ սպասում էր Կարմիր գորգի վերջում՝ հավատարիմ ժպիտը
դեմքին։

Էրդողանը դեռ չէր էլ հասցրել իջնել ինքնաթիռից,
ադրբեջանական պետական լրատվամիջոցներն արդեն ուղիղ եթերում սկսել էին սեփական հասարակությանը
ներկայացնել այս այցի առանցքայնությունն ու կարևորագույն դրույթները:

Նշում էին, որ քննարկվելու է սուր կարևորություն ունեցող «Զանգեզուրի
միջանցքի» հրատապ բացման խիստ անհրաժեշտության հարցը, ինչպես նաև Իգդիր-Նախիջևան նոր
խողովակաշարի բացման, ինքնավար հանրապետության տարածքում Թուրքիայի ռազմական ներկայությունը
մեծացնելու և երկու երկրների միջև առկա ռազմաքաղաքական հարաբերությունները նոր մակարդակի
հասցնելու հարցերը:

Ուշագրավ է, որ ուղիղ եթերում ադրբեջանական
լրատվականները հայատյացության «դաս» էին անցկացնում հեռուստադիտողի համար՝ հարցականի
տակ դնելով Սյունիքի մարզի հայկական լինելու հարցը. թեման էլ մեկն էր հայն ու Հայաստանը:

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ երկկողմ
բանակցությունների (մենախոսության) բուն նպատակը, բնավ, տնտեսական չէ. այն ուղղված
էր Հայաստանին, ճնշման միջոցով ռազմական ճանապարհով «Զանգեզուրի միջանցքը» ստանալուն,
Արցախի ամբողջական հայաթափմանը, որը, զուգահեռաբար, կհանգեցնի նաև իրենց բաղձալի նպատակներից
մեկին՝  Արցախից ռուսների հեռանալուն:

Եվ վերջում. այսօր անընդմեջ խոսվում է թուրքական
աշխարհի միավորման, այդտեղ Թուրքիայի անկյունաքարային կարևորության ու ղեկավարության
և Սյունիքի աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական կարևորության մասին:

Տեղի ունեցողը ստիպում է ևս մեկ անգամ շեշտել՝
թշնամիները ոչ միայն չեն բավարարվելու ձեռք բերվածով, այլև որևէ պարագայում չեն պատրաստվում
ժամանակ կորցնել` պանթուրքիզմի գաղափարախոսությունից բխող երազանքներն իրագործելու,
որոնց առնվազն մեծ մասը անհաս թողնելու պատասխանատվությունը, հերթական անգամ, հայ ազգի
ուսերին է:


Արամ Փոլադյան

ադրբեջանագետ