ABCMEDIA
Երասխի գործարանը լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին. Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին

Երասխի գործարանը լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին. Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի, այսպես
կոչված, «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից հրապարակված բաց
նամակին։

Բաց նամակում արված պնդումներն ամբողջովին անհիմն են և արժանի չեն
արձագանքի։ Այնուամենայնիվ, Շրջակա միջավայրի նախարարությունը տեղին է համարում հակիրճ
անդրադառնալ հետևյալ կետերին։

1. Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ենթադրյալ աղտոտմանը (նշված
բաց նամակի նախաբանում և դրա 1-3 կետերում), Նախարարությունը նշում է, որ Հայաստանի
գետերի բոլոր անդրսահմանային հատվածներում կան ջրի որակի մոնիթորինգի դիտակետեր, որտեղ
ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է ջրի որակի բոլոր պարամետրերի, այդ թվում
ծանր մետաղների մոնիթորինգ։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունները օրենքով սահմանված
կարգով իրականացնում են ջրի որակի, մթնոլորտային օդի և հողերի աղտոտվածության մոնիթորինգ
և արդյունքները ներկայացնում են Նախարարություն եռամսյակային և տարեկան հաշվետվությունների
ձևով, որոնք այնուհետև հրապարակվում են։ Միևնույն ժամանակ Հայաստանը Կովկասի տարածաշրջանում
«Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) միակ անդամ երկիրն
է, ինչը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է բնական պաշարների
բաց և պատասխանատու կառավարմանը։

2. Ի պատասխան բաց նամակի 4-րդ կետի, Նախարարությունը նշում է,
որ «Սոթքի» ոսկու հանքավայրը 1964 թվականին օրինական կերպով տրվել է Հայկական Խորհրդային
Սոցիալիստական Հանրապետությանը և, հետևաբար, իրավահաջորդության հիման վրա այն այժմ
պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Բաց նամակում տեղ գտած պնդումն այն մասին,
որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը խախտել է «էկոլոգիական
հավասարակշռության իրավունքները» պարզապես սխալ է. նման որոշում գոյություն չունի.

3. Բաց նամակի 5-րդ կետը խեղաթյուրում է Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի վճիռները։ Այդ վճիռներում Դատարանը ընդունել է,
որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը բխում է
հանրային շահից։ Դատարանը փոխհատուցում է տրամադրել Հայաստանի քաղաքացիներին միայն
այն պատճառով, որ նրանց ունեցվածքը օտարվել է այս ծրագրի համար: Հակառակ բաց նամակում
արված պնդումների, Դատարանը հանքարդյունաբերական գործունեությունը ապօրինի չի համարել։

4. Գրության 6-րդ կետում նշված անվանմամբ հանքավայրը չի գտնվում
Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում է Հայաստանի Հանրապետության կողմից.

5. Ինչ վերաբերում է նամակի 7-րդ կետում հիշատակված Ախթալայի ԼՀԿ-ին,
ապա այն գործում է նոր տեխնոլոգիայով, որը չի նախատեսում պոչամբարների օգտագործում։ 

6. Բաց նամակի 8-րդ կետում նշված անվանմամբ գործարանը չի գտնվում
Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում Հայաստանի Հանրապետության կողմից։

7. Բաց նամակի 9-րդ կետում նշվածը չի համապատասխանում իրականությանը,
քանի որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում պղնձի, ցինկի և կապարի արտադրությամբ
զբաղվող գործարան գոյություն չունի։

8. Բաց նամակի 10-րդ կետը ևս չի համապատասխանում իրականությանը,
քանի որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում պղնձաձուլարան գոյություն չունի։

9. Ինչ վերաբերում է Երասխի գործարանին, ապա այն լիովին համապատասխանում
է միջազգային բնապահպանական ստանդարտներին:

10. Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրին, այն դեռևս չի մտել
շահագործման փուլ, հետևաբար որևէ աղտոտման մասին խոսք գնալ չի կարող։ Իսկ դրա շահագործման
ընթացքում կպահպանվի բնապահպանական ռիսկերի կառավարման ամենաբարձր միջազգային ստանդարտը,
և դրա իրականացումը խստորեն կվերահսկվի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների
կողմից։

11. Հարկ է նշել, որ Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում
է միջազգային նորմերին։ Սա ապացուցվել է դեռևս տարիներ առաջ, երբ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային
հետազոտությունների կենտրոնը Հուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (NATO) աջակցությամբ
6 տարի շարունակ, 40 ցուցանիշների մասով ուսումնասիրություններ է կատարել սահմանային
կետերում՝ կիրառելով ծրագրի շրջանակում հարևան երկրների հետ համատեղ ընդունված նույն
մեթոդաբանությունը»,- ասվում է նախարարության պատասխանում։

Լուսանկար՝ Ֆոտոլուրի