ABCMEDIA
Ո՞ր դեպքում են ամուսինները համարվում ամուսնալուծված. խնդրի իրավական կարգավորումը

Ո՞ր դեպքում են ամուսինները համարվում ամուսնալուծված. խնդրի իրավական կարգավորումը

Կարող ենք արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին, ցավոք, ավելացել է ամուսնալուծությունների թիվը, ինչն իր բացասական հետևանքներն է թողնում թե՛ պետության և թե՛ այդ ընտանիքների անդամների վրա։ Նշեմ, որ ամուսնաընտանեական իրավահարաբերությունների դադարմամբ նախկին ամուսինների համար առաջանում են տարատեսակ իրավական հարցեր։ Փաստաբան, «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադրամի տնօրեն Տիգրան Գրիգորյանը անդրադարձել է ամուսնալուծության իրավական ընթացակարգին, խնդրահարույց հարցերին։

 

Փաստաբանը նշում է՝ Ընտանեկան օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող, կամ դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ, կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով: Մյուս դեպքերում ամուսնալուծությունը կարող է իրականացվել միայն փոխադարձ համաձայնությամբ համատեղ դիմում ՔԿԱԳ մարմին ներկայացնելու միջոցով կամ դատական կարգով։

 

«Ամուսնալուծությունը դատական կարգով կարող է իրականացվել հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում։ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝

 

ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.

բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.

գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով»,- ասել է Գրիգորյանը

 

Տիգրան Գրիգորյանը շեշտում է՝ դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ:

 

Ամուսնությունը, որը լուծվում է ՔԿԱԳ մարմնում, համարվում է դադարած ամուսնալուծության պետական գրանցման պահից, իսկ որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ անկախ դրա պետական գրանցման պահից: