26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր հիբրիդային պատերազմ Սև ծովում՝ ուկրաինական հակամարտության ֆոնին. վերլուծական

Նոր հիբրիդային պատերազմ Սև ծովում՝ ուկրաինական հակամարտության ֆոնին. վերլուծական

Ըստ  ամերիկյան պետական և ոչ պետական ուղեղային կենտրոնների՝ մասնավորապես Ազգային պաշտպանության համալսարանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով հետազոտական կենտրոնի ներկայացրած զեկույցների, սևծովյան տարածաշրջանը կենսական նշանակություն ունի ամերիկյան շահերի տեսանկյունից։

 

ԱՄՆ-ն նոր քաղաքականություն պետք է որդեգրի այս տարածաշրջանում ավելի մեծ ներկայություն ունենալու համար։ Այստեղ, խանգարող հանգամանք կարող է հանդիսանալ Մոնտրոյի կոնվենցիան, որը պարտավորեցնում է Թուրքիային, պատերազմական գործողությունների ժամանակ վերահսկել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով օտարերկրյա ռազմանավերի մուտքը և ելքը Սև ծով։ Այսպես, օրինակ՝ Թուրքիան, Ուկրաինայում մարտական գործողությունների հետ կապված, չէր թույլատրել Բրիտանական վեց ականակիրների մուտքը Սև ծով, ըստ էության հասկանալով, որ այս ռազմանավերը ուկրաինական ճակատում չեն կարող իրավիճակ փոխել, այլ միայն կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը։

 

Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ անկախ Մոնտրոյի կոնվենցիայի դրույթներից, ԱՄՆ-ը, տեսականորեն մեծ հնարավորություններ ունի սևծովյան ավազանում իր ազդեցությունը մեծացնելու համար։ Նախ, ԱՄՆ-ը պետք է խորացնի ռազմատեխնիկական համագործակցությունը սևծովյան ավազանի իր դաշնակիցների՝ Բուլղարիայի և Ռումինիայի հետ։ Մեծացնելով այս երկրներին ռազմական տեխնիկայի մատակարարումը՝ ԱՄՆ-ը կամրապնդի նրանց հակածովային և հակաօդային պաշտպանունակությունը, ինչպես նաև կմեծանա ամերիկյան ռազմական հրահանգիչների թվաքանակը, որոնք պետք է ուսուցանեն դաշնակից երկրների զինուժին՝ ինչպե՞ս օգտվել տեխնիկայից և հարկ եղած դեպքում պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Բացի այս,  Ռումինիայի Կոնստանցա ռազմածովային բազան պետք է առանքային կարևորություն ստանա, որպեսզի, առավել արդյունավետ ապահովվի ուկրաինական Օդեսա նավահանգստից հացահատիկով բեռնված նավերի մուտքը Ռումինիա, այնտեղից էլ` Եվրամիության երկրներ։ Կարևոր է, նաև այն, որ ԱՄՆ-ն հակազդի Ռուսաստանին տեղեկատվական ոլորտում։ Ամերիկացի մասնագետների կարծիքով` պետք է լուրջ ուշադրության արժանանան Բուլղարիայի և հարակից այլ երկրների լրագրողները։ Ամերիկյան դրամաշնորհների միջոցով, այս երկրների լրագրողները կկարողանան անցկացնել մեդիագրագիտության դասեր, կուսումնասիրեն ռուսական ապատեղեկատվության ազդեցությունը տարածաշրջանային երկրների հասարակություններում և կմշակեն դրա դեմ հակազդման միջոցներ։ Ըստ երևույթի, ամերիկացիները, այս տարածաշրջանում ռուսների դեմ մղելու են նաև տեղեկատվական պատերազմ, իսկ ամերիկացիների կողմից ուղղորդված լրագրողների գործունեությունը լինելու է միայն տեղեկատվական պատերազմի երևացող մասը։  Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ այս նոր ռազմավարությունը չձախողելու համար, ԱՄՆ-ն պետք է մեծացնի իր ազդեցությունը Սերբիայում, Հունգարիայում, Սլովակիայում և Ավստրիայում։ Ինչո՞ւ են նշում հենց այս երկրները, որովհետև Սերբիան հանդիսանում է Ռուսաստանին բարեկամ երկիր, իսկ Ավստրիան, Սլովակիան և Հունգարիան Ռուսատտանի հետ լարվածության խորացումը երբեք շահավետ չեն համարել, սակայն ԱՄՆ-ն փափուկ ուժի միջոցով կարող է այս երկրներում փոխել տրամադրությունները, ինչը հնարավորություն կտա Եվրոպական մայրցամաքում ռուսական ազդեցության զրոյացման և Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների առավել արդյունավետ կոնսոլիդացման համար։

 

Ինչ վերաբերում է սևծովյան ավազանում ԱՄՆ-ի ակտիվացմանը, ապա, դա արվում է այն պատճառով, որ Սև ծովը Ռուսաստանի համար կոմունիկացիայի տեսանկյունից ունի գերակա նշանակություն։ Բացի Սև ծովից, մնացյալ ջրային ավազանները, որոնցով Ռուսաստանը ունի ելք դեպի ծով, ձմռանը սառչում են, և նավարկության համար դառնում են, գրեթե անպիտան, այդ իսկ պատճառով, ազատ նավարկության, ապրանքների արտահանման և ներկրման տեսանկյունից, Սև ծովն անփոխարինելի է Ռուսաստանի համար։ Այն կարճ ծովային ուղի է, որն ապահովում է ելք դեպի Միջերկրական ծով, այնտեղից էլ՝ Հնդկական և Ատլանտյան օվկիանոս, իսկ Դոն և Կուբան գետերը, որոնք թափվում են Սև ծով, ապահովում են նավարկությունը մինչև Ռուսաստանի խորքերը։

 

Ըստ ամերիկացի փորձագետների՝ ԱՄՆ-ն այս քայլերը պետք է ձեռնարկի, զուտ ռուսական ագրեսիային հակազդելու և Սև ծովում հավասար պայմաններով նավարկություն ապահովելու համար, սակայն, եթե ԱՄՆ-ին իրապես հաջողվի մեծացնել ազդեցությունը Սև ծովում, ապա նա կարող է դա օգտագործել Ռուսաստանի դեմ, գլոբալ հակամարտության ժամանկ՝ կտրելով նրա ծովային կոմունիկացիոն ուղիները և արգելափակելով նրա սևծովյան նավատորմը։ Սա տեղավորվում է ամերիկյան «Անակոնդայի» ռազմավարության տրամաբանության շրջանակներում։ Հենց այս ռազմավարության հաջողության համար են ներկայիս ամերիկյան իշխանություններն ամեն ինչ անում, որպեսզի ԱՄՆ-ի կոնգրեսը չխոչնդոտի Թուրքիային F16 կործանիչների վաճառքը, ինչպես նաև տա իր համաձայնությունը Ուկրաինային հավելյալ ռազմական օգնություն տրամադրելու հարցում։  F16 կործանիչների վաճառքը  Թուրքիային կամրապնդի ՆԱՏՕ-ի հարավային ճակատը, իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային հավելյալ օգնությանը, ապա, ամերիկացիները լավ հասկանում են, որ ինչքան էլ մեծ լինի այդ օգնությունը, այն չի կարող օգնել Ուկրաինային վերադարձնել Ռուսաստանի կողմից գրաված տարածքները, սակայն կարող է երկարաձգել հակամարտությունը և ուժասպառ անել Ռուսաստանին։

 

Սև ծովում, բացի Ռուսաստանից, ըստ ամերիկացի մասնագետների, պետք է ակտիվ հակազդել Իրանին և Չինաստանին։ Սա, ըստ էության, պետք է արվի այն պատճառով, որ այս երկրները ևս, լինելով ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հակռակորդները, ունեն իրենց շահերը Սև ծովում։ Իրանից և Չինաստանից ելնող և թյուրքական երկրներով անցնող Տրանսկասպյան կոմունիկացիոն ուղիները շրջանցող ճանապարհները տանում են Սև ծով։ Կոնկրետ Չինաստանի դեպքում սրան նպաստել է նաև ուկրաինական հակամարտությունը, քանի որ Ռուսաստանով Եվրոպա տանող ամենակարճ և ամենազարգացած կոմունիկացիոն ուղիները անցնում էին Ուկրաինայով։ Ուստի, առիթից օգտվելով, ԱՄՆ-ը Սև ծովում փորձում է միանգամից հարվածել իր երեք հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդների շահերին։

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է նշել, որ Սև ծովում լարվածության մեծացումը չի բխում մեր շահերից։ Քանի որ, Հայաստանը մեծապես կախված է Իրանից Սև ծովով Եվրոպա տանող տրանզիտից, իսկ ներկրվող ապրանքների մի ստվար հատված Սև ծովով է գալիս Հայաստանը։ Մյուս կողմից էլ՝ գործընթացների այսպիսի զարգացումը կարող է լավ պատրվակ լինել Հայաստանի ներկայիս ապազգային իշխանությունների համար, միակողմանի զիջումների գնալով, բացել սահմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, պատճառաբանելով՝ հակառակ դեպքում Հայաստանը կարող էր իզոլացվել աշխարհից։   

 

Աշոտ Բարեքյան