26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հիմա աշակերտներին ձևավորում են որպես կոսմոպոլիտ․ պատմաբան

Հիմա աշակերտներին ձևավորում են որպես կոսմոպոլիտ․ պատմաբան

Հայոց պատմություն առարկան Հայաստանի պատմություն դարձնելուն դեմ են արտահայտվել նաև ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոսները։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մանրամասն ներկայացրել են իրենց անհանգստությունները։ Իսկ նման նախաձեռնությամբ, ըստ իշխանականների, հանդես են եկել մի խումբ պատմաբաններ։

Ի դեպ, նշենք, որ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրավոր հարցումով դիմել էր ԿԳՄՍ նախարարին, պարզելու, թե ովքեր են այն պատմաբանները, որ առաջարկել են փոխել Հայոց պատմության անունը, սակայն նախարարությունից ասել են, թե իրավունք չունեն նրանց անունները հրապարակելու։ Պատմաբան Արմեն Սարգսյանը ևս անդրադարձել է նախարարության այս որոշմանը։

«Սա ոչ մասնագետների համար նախատեսված պոպուլիզմ է, որպեսզի ժողովրդին այս, կամ այն ձևով համոզեն, որ դա այդպես է։ Սկզբնական շրջանում դասագրքերը եղել են շատ ծանրաբեռնված, և բոլոր ուսուցիչները միակարծիք են եղել  այդ հարցում։ Բոլորը կողմ էին, որ պետք է դասագրքերը թեթևացնել։ Թեթևացնել ասելով ի՞նչ ենք հասկանում․ այնտեղ երկրորդական շատ օրինակներ կային։ Իսկ երկրորդական նյութերը ինչպե՞ս որոշենք։ Օրինակ՝ պարսից զորավարի ու նրա հոր մասին տեղեկությունները 5-րդ կամ 7-րդ դասարանի երեխային պետք չի»,-ABC Media-ի հետ զրույցում ասաց պատմաբան Արմեն Սարգսյանը։

Սարգսյանն ասում է, որ պետք է ոչ թե կրճատել հիմնական թեմաները, որը փորձում են այսօր անել, այլ կրճատել երկրորդական թեմաները։

«Բովանդակությունը պետք է լինի զուտ գիտական, ձևը պետք է լինի մատչելի յուրաքանչյուր՝ դասագրքից օգտվող երեխայի տարիքային առանձնահատկությունը հաշվի առնելով։ Հայոց պատմությունն այնքան հետաքրքիր է, որ եթե որևէ մեկը գրքի առաջին պարբերությունը կարդա դրանից հետո ուզես էլ կտրել նրան գրքից, պիտի չկարողանաս։ Մենք ունեինք ծանրաբեռնված դասագիրք, բայց հիմա անցել են լրիվ այլ ձևի։ Այսինքն այնքան թույլ, այնքան վերացական է գրված, որ այնտեղ նույնիսկ գիտական սխալները չափից դուրս շատ են»,-նշեց Սարգսյանը։

 

Պատմաբանը պնդում է, որ սա քաղաքականություն է, որովհետև կոմպլեքս քաղաքականությունը այն է, որ 29800 քմ-ի մեջ պետք է տեղավորվենք։

 

«Առաջին հարվածը պետք է ստանար պատմությունը։ Եթե դու վերցնում ես Արևմտյան Հայաստանը անվանում ես Անատոլիա, դու վաղը խոսելու ես Արշակունիների թագավորության մասին կամ մեկ այլ թագավորության մասին, իրենց տարածքը ո՞նց ես անվանելու։ Խոսելու ես, որ Վան քաղաքը մեր մայրաքաղաքն է եղել, ո՞նց ես խոսելու, շրջանցելո՞ւ ես։ Եթե ուշադրություն դարձնեք՝ առաջին հարվածը հասցվում է Ազգային-ազատագրական պայքարը ներկայացնող թեմաներին , ինչո՞ւ, որովհետև այդ թեմաներն առաջին հերթին հայրենասիրություն են դաստիարակում, և հայը ձևավորվում է որպես հայ։ Իսկ հիմա աշակերտներին փորձում են ձևավորել որպես կոսմոպոլիտ»,-ասաց Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը համոզված է, որ սա իշխանության կողմից կոմպլեքս քաղաքականության մի ճյուղն է։

«Սա միայն Հայոց պատմության խնդիր չէ, սա կողքից գնում է մնացած բնագավառները, որոնք մենք պարզ տեսնում ենք, օրինակ դիվանագիտությունը։ Դիվանագիտությունը բխում է քո երկրի հզորությունից, քո ռազմական ուժից, քո պայքարի ոգուց, որից հետո ուժեղ երկիր ունենալուց հետո շարունակում ես քո դիվանագիտությունը։ Դու չես կարող փիլիսոփայական դիվանագիտություն վարել առանց ուժի, այդ դիվանագիտությունը ձախողման է գնում։ Պատկերացրեք երկրորդ կամ առաջին համաշխարհային պատերազմում, իսկ հիմա դե յուրե դեռ ոչ, բայց  երրորդ համաշխարհային պատերազմում սկսես խաղաղություն քարոզել»,-եզրափակեց նա։