
Մասկը պատրաստ չէ լքել քաղաքականությունը. Bloomberg
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը 2025 թվականի առաջին կեսին իր քաղաքական գործողությունների կոմիտեին նվիրաբերել է ավելի քան 45 միլիոն դոլար: Այդ գումարը ուղղվել է հանրապետականներին օգտակար նախաձեռնությունների աջակցմանը. գրել է Bloomberg-ը։
«Նոր նվիրատվությունները Մասկին կրկին դասում են Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքական դոնորների շարքում։ Դրանք ցույց են տալիս, որ չնայած աշխարհի ամենահարուստ մարդը մայիսին Կատարի տնտեսական ֆորումում հայտարարել է, որ ավելի քիչ կծախսի քաղաքականության վրա, նա դեռ պատրաստ չէ լքել ոլորտը», – գրել է Bloomberg-ը՝ հղում անելով փաստաթղթերին։
Գործակալության տվյալներով՝ Մասկը նվիրատվություններ է կատարում Կոնգրեսում հանրապետական մեծամասնության օգտին, չնայած այն հանգամանքին, որ նախկինում նա հրապարակավ սկսել էր վիճել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության առաջնորդների հետ։
Հունիսի վերջին Մասկը, Թրամփի օրինագծին հակառակ, որը կրճատում է դաշնային ծախսերը, բայց միաժամանակ զգալի հարկային արտոնություններ է տրամադրում, առաջարկել է Միացյալ Նահանգներում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն՝ ասելով, որ երկիրն այժմ «միակուսակցական» է։ Գործարարի կողմից օրինագծի քննադատությանն ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ առանց սուբսիդիաների ինքը ստիպված կլինի «փակել իր խանութը և վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա»։ Հուլիսի սկզբին Մասկը հայտարարել է իր սեփական քաղաքական կուսակցության ստեղծման մասին, որը նա անվանել է «Ամերիկա»։ Ամերիկյան ընտրական հանձնաժողովի գրանցամատյանի համաձայն՝ նա արդեն պաշտոնապես ներկայացրել է դրա գրանցման փաստաթղթերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ տխուր է տեսնել իր նախկին դաշնակցին, որը «շեղվել է ռելսերից»։