Ադրբեջանն ԱՄՆ-ում փորձել է լոբբիստների միջոցով խուսափել պատժամիջոցներից և առաջ մղել իր համար կարևոր հարցեր․ միջազգային մամուլի հետաքննությունը
Հարավկովկասյան Ադրբեջանը վերջերս դիմել է Վաշինգտոնի լոբբիստներին, որպեսզի նրանք չգրանցեն իրենց կատարած աշխատանքը, ինչը պահանջում է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը (FARA), գրել է POLITICO-ն։
Բաքուն 2023 թվականի փետրվարից աշխատել է Friedlander Group-ի հետ՝ ամսական ընկերությանը վճարելով 41,666 դոլար՝ «ամերիկա-ադրբեջանական հարաբերություններն ընդլայնելու համար», նշվել է FARA-ի գրառումներում։
Պարբերականի հետ զրուցած երկու լոբբիստներն ընդգծել են, որ Ադրբեջանը, սակայն, գոհ չէ Ադրբեջանի համար կարևոր հարցերի շուրջ ընկերության կատարած աշխատանքից։
Դժգոհությունները ստիպել են Ադրբեջանին վերջին տարվա ընթացքում կապ հաստատել առնվազն մեկ այլ ընկերության հետ։ Ըստ տեղեկությունների՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընկերությանը հորդորել է չգրանցվել FARA-ում, ինչն ընկերությանը ստիպել է նահանջել և չներկայանալ դեսպանատուն հնարավոր պայմանագիրը քննարկելու համար:
Այս նախաձեռնություններն իրականացվել են Ադրբեջանի համար զգայուն պահի։
Անցյալ սեպտեմբերին Ադրբեջանը «կայծակնային» հարձակում էր սկսել Արցախում, ինչի հետևանքով՝ մոտ 100,000 էթնիկ հայեր արտագաղթել են։ Երկու կողմերի առաջնորդներն աշխատում էին խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ մեկ տարվա ընթացքում, սակայն ոչինչ վերջնական տեսքի չէր բերվել:
Միևնույն ժամանակ, մայիսին Տեխասի դեմոկրատ պատգամավոր Հենրի Կուելարին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի կառավարությանը պատկանող նավթագազային ընկերությունից կաշառք վերցնելու և Կոնգրեսում իր պաշտոնն օգտագործելու համար՝ ի շահ Ադրբեջանի կառավարության: Բաքուն պատրաստվում է հաջորդ ամիս ընդունել կլիմայական գլոբալ գագաթնաժողովը COP-ը՝ ինչը բառային պատերազմ է հրահրում ադրբեջանական մարդու իրավունքների ոլորտում արձանագրված տվյալների շուրջ:
Ադրբեջանի դեսպանատան խոսնակ Ջամիլա Մամեդովան, խոսելով POLITICO-ի հետ, նշել է. «Ադրբեջանի համար արժեքավոր են ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները, և մենք շարունակաբար աշխատում ենք ամերիկացի գործընկերների հետ՝ մեր հարաբերությունները զարգացնելու համար»:
The Washington Post-ի հետաքննությունը ևս ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների կտրուկ աճը նոր լոբբիստական արդյունաբերություն է ձևով Վաշինգտոնում։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի լոբբիստական գործունեությանը։ 2023 թվականի օգոստոսին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկապես հայկական շրջանի վրա լայնածավալ ռազմական հարձակում սկսելուց մեկ ամիս առաջ, Ադրբեջանը լոբբիստ Էզրա Ֆրիդլենդերին վճարել է 666,664 դոլար։
Հետագա գլոբալ աղմուկի ֆոնին Ֆրիդլենդերն աշխատել է կանխել Ադրբեջանի դեմ պատասխան պատժամիջոցները։ Իր հարցազրույցներում նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, որը, ըստ նրա, «100 տոկոսով ճիշտ է», քանի որ «երկիրը չի կարող հարձակվել իր տարածքի վրա»: