27 Հոտ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ. Դատախազությունը մանրամասներ է հայտնել

Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ. Դատախազությունը մանրամասներ է հայտնել

ՀՀ Գլխավոր Դատախազությունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 27-ի գործով՝ 2019-2024 թվականների ընթացքում կատարված վարութային գործողությունների մասին։

«2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: Վերսկսման համար հիմք է հանդիսացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը, որով վերջիններս խնդրել էին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թվականի նոյեմբերի 11-ին որոշումը:

Վերսկսված քննության ընթացքում ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը հարցաքննվել է և տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ:

​Քննության ընթացքում հարցաքննվել են նաև ահաբեկչական խմբի անդամներ, դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը:

​Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի մյուս անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար:

Քննության ընթացքում Գլխավոր դատախազության արխիվից առգրավվել է քրեական գործին (քրեական վարույթին) կցված փաթեթը, Դատական դեպարտամենտի արխիվից առգրավել են քրեական գործի դատաքննական հատորները և քրեական գործին կցված ձայնագրությունները, այլ նյութեր, ՀՀ ոստիկանությունից և այլ ստորաբաժանումներից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր: Նախաքննության ընթացքում առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, ստացվել են դրանց եզրակացությունները:

​2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում:

Հանձնարարություններ են տրվել տարբեր օպերատիվ ստորաբաժանումներին՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ տարբեր հարցեր պարզաբանելու նպատակով:

Զննվել են քրեական վարույթի նյութերին կցված տարբեր փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, այդ թվում՝ տեսագրություններ:

Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ  քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։

Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասված է հայտարարության մեջ։