27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը սոցցանցերում բազմաթիվ կեղծ օգտահաշիվներով փորձել է խթանել COP29-ը

Ադրբեջանը սոցցանցերում բազմաթիվ կեղծ օգտահաշիվներով փորձել է խթանել COP29-ը

Հետաքննությունը պարզել է, որ սոցցանցերի բազմաթիվ ակնհայտ կեղծ էջերը խթանում են Ադրբեջանի կողմից կլիմայական COP29 գագաթնաժողովի անցկացումը, հայտնել է The Guardian-ը:

Օգտատերերի հաշիվները հիմնականում ստեղծվել են հուլիսից հետո: Նախքան այդ #COP29 և #COP29Azerbaijan հեշթեգերով 10 ամենաակտիվ գրառումներից յոթը քննադատում էին Ադրբեջանի դերը Հայաստանի հետ հակամարտությունում՝ օգտագործելով #stopgreenwashgenocide հեշթեգերը: Սեպտեմբեր ամսին դա փոխվել է, քանի որ բոլոր 10 ամենաներգրավված գրառումները գալիս էին Ադրբեջանի COP29 պաշտոնական հաշվից:

Global Witness-ը, որն իրականացրել է վերլուծությունը, նշել է, որ դա խլացնում է կլիմայի ճգնաժամի և մարդու իրավունքների ճնշումների վերաբերյալ երկրի արձանագրած անկախ քննադատությունը:

Ադրբեջանի կառավարությունը կվերահսկի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, որը կմեկնարկի նոյեմբերի 11-ին, և որտեղ երկրները կփորձեն իրականացնել հանածո վառելիքի այրման հրատապ կրճատումներ, որոնք, գիտնականների կարծիքով, հրամայական են կլիմայի փոփոխության առավել կործանարար ազդեցություններից խուսափելու համար:

«Ադրբեջանն ունի հանածո վառելիքի զգալի պաշարներ և մտադիր է առաջիկա տասնամյակում գազի արդյունահանումը ավելացնել 50%-ով։ Ադրբեջանին օրեր են մնացել տարվա կլիմայական ամենակարևոր իրադարձությունը հյուրընկալելու համար»,- նշել է Ավա Լին Global Witness-ից: Նրա խոսքով՝ կենսականորեն կարևոր է, որ տեղ լինի իրական քննարկման համար այն մասին, թե կառավարություններն ի՞նչ պետք է անեն կլիմայական արտակարգ իրավիճակները լուծելու համար: Այնուամենայնիվ, թվացյալ անիրական հաշիվների ցանցը փոխարինում է իրավացի քննադատությանը:

Global Witness-ի վերլուծությունը բացահայտել է X սոցիալական ցանցի 71 կասկածելի հաշիվներ: Բոլորը, բացառությամբ վեցի, ստեղծվել են մայիսից ի վեր և կիսվում են բնության հետ կապված պատկերներով՝ հաճախ ծաղիկներ կամ ծառեր, և որոշ հաշիվներ օգտագործել են ճիշտ նույն պատկերները:

Սեպտեմբերին նրանց հրապարակումների կեսից ավելին օգտագործել է #COP29 կամ #COP29Azerbaijan հեշթեգերը, և նրանց ռեթվիթների 70%-ը վերաբերել է Ադրբեջանի COP29 պաշտոնական գրառումներին կամ Ադրբեջանի կառավարության, կուսակցության կամ քաղաքական գործչի այլ պաշտոնական գրառումներին:

Հայտնաբերված առաջին 16 հաշիվների գրառումների վերլուծությունը ցույց է տվել, որ հոկտեմբերի 1-ին 12 հաշիվներ տեղադրվել են մեկը մյուսի հետևից հերթականությամբ, ինչը ենթադրում է, որ հաշիվները վերահսկվում են մեկ անձի կողմից, ով հերթով մուտք է գործել յուրաքանչյուր հաշիվ: Այս բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ հաշիվները կեղծ են, թեև հավանական է, որ մի քանիսը վավերական են:

Եվս 111 օգտահաշիվ հրապարակումներ է արել՝ ի աջակցություն Ադրբեջանի COP29-ի պաշտոնյաների, սակայն չի կիսվել բնության թեմայով պատկերներով: Որոշ օգտահաշիվներր կասեցվել են, իսկ գրառումները՝ փոխարինվել հաղորդագրությունով, որտեղ նշվել է. «X-ը կասեցնում է այն հաշիվները, որոնք խախտում են X կանոնները»: Մյուս հաշիվները «ժամանակավորապես սահմանափակվել են»՝ «որոշ անսովոր գործունեության պատճառով»:
X-ի խոսնակն հայտարարել է. «Մեր անվտանգության թիմերը մշտապես աշխատում են՝ կանխելու համակարգված ոչ իսկական վարքագիծը»:

Ադրբեջանն ունի ոչ վավերական սոցիալական մեդիայի հաշիվներ օգտագործելու ռեկորդ, ինչը ընդգծեց Facebook-ի սեփականատեր Մետան 2022 թվականի ապրիլին: Meta-ն հայտնել է. «Մենք խափանել ենք Ադրբեջանում մի բարդ ցանց, որը զբաղվում էր և՛ կիբերլրտեսությամբ, և՛ համակարգված ոչ իսկական վարքագծով: Այն հիմնականում ուղղված էր Ադրբեջանից եկած մարդկանց, այդ թվում՝ ժողովրդավարության ակտիվիստներին, ընդդիմությանը, լրագրողներին և արտերկրում կառավարության քննադատներին: Այս քարոզարշավը բեղմնավոր էր, բայց ցածր բարդությամբ և կառավարվում էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից»: