Ադրբեջանը COP29-ին մասնակցելու հրավեր է ուղարկել թալիբներին՝ չնայած ՄԱԿ չի ճանաչում նրանց իշխանությունը. Reuters
Աֆղանստանի «Թալիբան» շարժման պաշտոնյաները կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայական խոշոր համաժողովին, որն անցկացվում է Բաքվում․ Աֆղանստանի ԱԳՆ-ի հայտարարությունն է մեջբերել Reuters-ը:
COP29 կլիմայական գագաթնաժողովը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կլինի ամենահայտնի բազմակողմ միջոցառումներից մեկը, որին կմասնակցեն թալիբների վարչակազմի պաշտոնյաները այն պահից, երբ նրանք վերահսկողություն են հաստատել Քաբուլում՝ ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող ուժերի դեմ 20 տարի պայքարելուց հետո: ՄԱԿ-ը թույլ չի տվել թալիբներին զբաղեցնել Աֆղանստանի տեղը Գլխավոր ասամբլեայում, և Աֆղանստանի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից՝ հիմնականում թալիբների կողմից կանանց կրթության և ազատ տեղաշարժի սահմանափակումների պատճառով:
Աֆղանստանի արտգործնախարարության խոսնակ Աբդուլ Քահար Բալխին հայտնել է սակայն, որ Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության պաշտոնյաները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու COP համաժողովին: Ընդունող Ադրբեջանն Աֆղանստանի շրջակա միջավայրի գործակալության պաշտոնյաներին հրավիրել է COP29-ին որպես դիտորդներ՝ հնարավորություն տալով նրանց «պոտենցիալ մասնակցելու քննարկումներին և հնարավոր է երկկողմ հանդիպումներ անցկացնել», Reuters-ին հայտնել է խնդրին ծանոթ դիվանագիտական աղբյուրը: Քանի որ թալիբները ՄԱԿ-ի համակարգում պաշտոնապես ճանաչված չեն որպես Աֆղանստանի օրինական կառավարություն, աղբյուրը նշել է, որ պաշտոնյաները չեն կարող հավատարմագրեր ստանալ լիիրավ անդամ երկրների քննարկումներին մասնակցելու համար:
Ադրբեջանի COP29-ի նախագահությունը հրաժարվել է մեկնաբանություններից: Թալիբանը փակել է դպրոցներն ու համալսարանները մոտ 12 տարեկանից բարձր իգական սեռի աշակերտների համար:
Այն նաև ներկայացրել է բարոյականության մասին օրենքների մի շարք, որոնք պահանջում են կանանց փակել իրենց դեմքերը հանրության առաջ և սահմանափակել նրանց տնից դուրս գալն առանց տղամարդ խնամակալի: Թալիբանն ասում է, որ հարգում է կանանց իրավունքները՝ համաձայն իսլամական օրենքի իրենց մեկնաբանության: Աֆղանստանը համարվում է կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժած երկրներից մեկը։ Այս տարի տեղի ունեցած ջրհեղեղները հարյուրավոր մարդկանց կյանք են խլել, և գյուղատնտեսությունից մեծապես կախված երկիրը տուժել է վերջին տասնամյակների ամենավատ երաշտներից մեկի պատճառով: Շատ ֆերմերներ, ովքեր կազմում են բնակչության մեծ մասը, բախվում են պարենային անապահովության խորացմանը: