Իրանը Սիրիայից տարհանում է իր ռազմական հրամանատարներին և անձնակազմը. NY Times
Իրանը դեկտեմբերի 6-ին սկսել է Սիրիայից տարհանել իր ռազմական հրամանատարներին և անձնակազմը. գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանական 3 պաշտոնյայի։
Տարհանվածների թվում, որոնք տեղափոխվել են հարևան Իրաք և Լիբանան, եղել են Իրանի հզոր «Քուդս» ուժերի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտաքին թևի բարձրագույն հրամանատարները։
Այս քայլը անսպասելի էր Բաշար ալ-Ասադի համար, ում կառավարությանը Իրանը աջակցել է Սիրիայի 13-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում։
«Ըստ իրանական և տարածաշրջանային պաշտոնյաների, որոնցից երկուսը Պահապանների կորպուսի անդամներ են, տարհանվել են նաև կորպուսի անձնակազմը, որոշ իրանական դիվանագիտական աշխատակիցներ, նրանց ընտանիքները և իրանցի քաղաքացիական անձինք։ Պաշտոնյաների խոսքով՝ իրանցիները Սիրիան սկսել են լքել ուրբաթ առավոտյան։ Վերջիններս խնդրել են անանուն մնալ՝ զգայուն հարց քննարկելու պատճառով»,- գրել է Times-ը։