Կազանի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում ավիաչվերթներ
Ինչպես հայտնում է «Ռոսավիացիա»-ի մամուլի ծառայությունը, սահմանափակումները մտցվել են շաբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին։ «Օդային նավահանգիստը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում ավիաչվերթներ։ Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները թռիչքների անվտանգության ապահովման համար՝ սա գլխավոր առաջնահերթությունն է», – ասված է հաղորդագրության մեջ։
Կազանի օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ ուշացվում են չվերթները Հուրգադա, Մոսկվա, Տոբոլսկ, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Պերմ, Կալինինգրադ, Ալմաթի։ Մուրմանսկից, Սամարայից, Օրենբուրգից, Մոսկվայից, Դուշանբեից, Ուլան-Ուդեից և Սանկտ Պետերբուրգից ժամանող ինքնաթիռները Կազան կժամանեն ուշացումով։
Բացի այդ, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել նաև Իժևսկի օդանավակայանում։ «Օդավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում ավիաչվերթներ», – նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կազանի օբյեկտների վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մեկ անօդաչու սարքի ոչնչացման մասին։ Ըստ նախարարության տվյալների՝ այն խոցվել է ժամը 7։50-ին։ Ավելի ուշ ականատեսները հայտնել են «Լազուրային երկինք» բնակելի համալիրում հրդեհի մասին։ Թաթարստանի ղեկավար Ալեքսեյ Պեսոշինին հանձնարարել է մեկնել հրդեհի վայր։ Տարածքում իրավիճակի մասին կանոնավոր կերպով զեկուցվում է Թաթարստանի ղեկավարին։
Կազանում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Սովետսկի և Կիրովսկի շրջանների բնակարաններում։ Քաղաքապետ Իլսուր Մետշինը հանձնարարել է տարհանված բնակիչներին ապահովել կացարանով, տաք հագուստով և սնունդով։ Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Տեղում աշխատում է նաև Կազանի գործադիր կոմիտեի ղեկավարը՝ Ռուստեմ Գաֆարովը։
Նախորդ անգամ սահմանափակումներ մտցվել էին նոյեմբերի 15-ին։ Օդանավակայանը երկու ժամ չէր ընդունում և չէր ուղարկում չվերթներ՝ անվտանգության ապահովման նպատակով։ Հոկտեմբերին օդանավակայանի աշխատանքը երեք անգամ սահմանափակվել էր։ Վերջին անգամ սահմանափակումներ մտցվել էին հոկտեմբերի 20-ին, ինչի հետևանքով հինգ ինքնաթիռ ուղղվել էր պահուստային օդանավակայաններ։ Բացի այդ, Կազանի օդանավակայանը փակվել էր հոկտեմբերի 12-ին, իսկ հոկտեմբերի 3-ին փակվել էր նաև Բեգիշևոյի օդանավակայանը։
Հայտնում են հարձակման հետևանքով երեք տուժածի մասին։