23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի միջնորդությամբ Ուկրաինայի տարածքով գազի հոսքը դեպի ԵՄ պահպանելու գործարքը ձախողվել է

Ադրբեջանի միջնորդությամբ Ուկրաինայի տարածքով գազի հոսքը դեպի ԵՄ պահպանելու գործարքը ձախողվել է

Մոսկվան և Կիևը չեն կարողացել համաձայնության գալ Ադրբեջանի միջնորդությամբ ռուսական գազի արտահանումը Եվրոպա Ուկրաինայի միջոցով շարունակելու գործարքի շուրջ, Reuters-ին հայտնել է ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերության բարձրաստիճան աղբյուրը:

Euractiv-ը գրել է, որ այսպիսի զարգացումը վերջ է տալիս հույսերին, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը կարող է շարունակվել դեկտեմբերի 31-ից հետո, երբ ավարտվում է Մոսկվայի և Կիևի միջև երկարաժամկետ գազի տարանցման պայմանագիրը: Ուկրաինան, որը պայքարում է Ռուսաստանի ներխուժման դեմ 2022 թվականի փետրվարից, ամիսներ շարունակ պարզ է դարձրել, որ չի երկարաձգի Ռուսաստանի հետ գազի տարանցման ծրագիրը։ Սլովակիան և Ռուսաստանից գազ ստացող այլ երկրներ, բանակցություններ էին վարում, որպեսզի փորձեն խուսափել այդ հոսքերի դադարեցումից, երբ պայմանագիրը սպառվի: Եվրամիությունը և Ուկրաինան խնդրել էին Ադրբեջանին նպաստել գազի տարանցման գործարքի շուրջ Ռուսաստանի հետ քննարկումներին՝ գազի հոսքը պահպանելու համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, պարզ հայտարարել է, որ Կիևի հետ նոր գործարք չի լինի Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազ ուղարկելու վերաբերյալ:

Ուկրաինան հայտարարել է, որ չի երկարաձգի պայմանագիրը, որով տարեկան մոտ 15 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ է ուղարկվում Եվրոպա: Նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ Կիևը կարող է դիտարկել ռուսական գազի տարանցման շարունակությունը, բայց միայն այն պայմանով, որ Մոսկվան վճարումներ չստանա մինչև պատերազմի ավատն, ինչը, դժվար թե, ընդունելի կլինի: Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի աղբյուրը հայտնել է, որ SOCAR-ը գրեթե մեկ տարի միջնորդել է Ուկրաինայի և Ռուսաստանի էներգետիկ ընկերությունների միջև բանակցություններում՝ Ուկրաինայի և Եվրամիության խնդրանքով։

Նշվել է, որ ավագ մենեջերները մայիսի 2-ին Ստամբուլում և օգոստոսի 29-ին Վիեննայում հանդիպել են ուկրաինական էներգետիկ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ հավելելով. «Ի վերջո, ուկրաինական և ռուսական կողմերը չկարողացան պայմանավորվել պայմանների շուրջ»: SOCAR-ը, ռուսական էներգետիկ հսկան՝ «Գազպրոմը», և Ուկրաինայի պետական «Նավթոգազը» անմիջապես չեն պատասխանել պաշտոնական մեկնաբանությունների խնդրանքներին: