
Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, հրապարակվել է նրա հրաժեշտի նամակը
Այսօր առավոտյան կյանքից հեռացել է հայտնի իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Նրա խնդրանքով հրապարակվել է հրաժեշտի նամակը, որտեղ նա անկեղծորեն պատմում է իր ապրումների, հիասթափության և ցավի մասին։
Իշխանյանը նշում է, որ 2020 թվականի պատերազմը և նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կործանարար ազդեցություն են ունեցել իր կյանքի վրա։ Իր խոսքում նա ցավով արձանագրում է, որ հույսեր ուներ Հայաստանի ապագայի վերաբերյալ, սակայն իշխանությունների վարած քաղաքականությունը միայն խորացրել է իր հիասթափությունը։
«Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնամ հարազատներիս, ընկերներիս համար», – գրել է նա։
Ավետիք Իշխանյանը նաև հիշել է իր գործունեությունը «Ղարաբաղ» կոմիտեում՝ ընդգծելով, որ զգում է պատասխանատվություն, բայց միևնույն ժամանակ անզորություն Արցախի ճակատագրի հարցում։
Իրավապաշտպանը հրաժեշտի խոսքում ներողություն է խնդրել իր ընտանիքից, ընկերներից ու համախոհներից, իսկ նամակի վերջում հիշել է Վահան Տերյանի «Հրաժեշտի գազելը»։