22 Փտր
2025
-5.9° c ԵՐԵՎԱՆ
-11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մասկի Grok 3-ը մարտահրավեր է նետում OpenAI-ին և Google-ին

Մասկի Grok 3-ը մարտահրավեր է նետում OpenAI-ին և Google-ին

Իլոն Մասկը հայտնել է, որ իր xAI ստարտափի կողմից մշակվող Grok արհեստական բանականությամբ չաթ-բոտը գտնվում է ստեղծման ավարտական փուլում և օգտատերերի համար հասանելի կլինի մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում։

«Grok 3-ը շատ հզոր տրամաբանական կարողություններ ունի, և մեր անցկացրած թեստերում այն գերազանցել է մեզ հայտնի բոլոր թողարկված մոդելները։ Սա լավ նշան է», -նշել է Մասկը։

Հիշեցնենք, որ Մասկը ժամանակին եղել է OpenAI-ի համահիմնադիրը, որն ի սկզբանե ստեղծվել էր որպես ոչ առևտրային կազմակերպություն։ Այնուհետև նա լքել է այն և հիմնադրել xAI ստարտափը, որը ներկայումս մրցակցում է OpenAI-ի և Google-ի հետ։

Այս շաբաթ Մասկի գլխավորած ներդրողների խումբը պաշտոնապես առաջարկել է $97,4 միլիարդ` OpenAI-ի ակտիվները ձեռք բերելու համար։ Այժմ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը պլանավորում է կազմակերպության վերակազմավորում՝ այն դարձնելով առևտրային ընկերություն, ինչը, ըստ նրա, թույլ կտա ներգրավել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Սակայն Մասկը փորձում է դա կանխել, այդ թվում՝ իրավական միջոցներով։

Իլոն Մասկը Grok 3-ի վերաբերյալ իր հայտարարությունն արել է Դուբայում (ԱՄԷ) կայացած World Governments Summit-ի ժամանակ։ ԱՄԷ-ի ԱԲ (AI) նախարար Օմար ալ-Ալաման միջոցառման ընթացքում նրան մի քանի հարց է ուղղել և հայտնել, որ իրենք պատրաստվում են համագործակցել Dubai Loop՝ ստորգետնյա բարձրարագ տրանսպորտային համակարգի նախագծի շրջանակներում, սակայն որևէ մանրամասն չի ներկայացրել։