
Բոլոր ուղղություններով սկսվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման շարժում․ Լավրով
Ռուսաստանի և ԱՄՆ–ի պատվիրակությունների հանդիպումը Էր Ռիադում ցույց տվեց կողմերի ցանկությունը՝ պայմաններ ստեղծել ռուս–ամերիկյան գործընկերության վերականգնման և ընդլայնման համար․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչպես ցույց տվեցին երեկվա բանակցությունները, սկսվում է բոլոր ուղղություններով հարաբերությունների կարգավորման շարժումը: Կա առնվազն պատրաստակամություն, հայտարարված պատրաստակամություն՝ սկսելու այդ շարժումը: Եվ լուծելու ոչ միայն ուկրաինական ճգնաժամը, այլև՝ պայմաններ ստեղծելու ՌԴ–ի և ԱՄՆ–ի կառավարությունում առևտրատնտեսական և աշխարհաքաղաքական ոլորտներում գործընկերության վերականգնման և ընդլայնման համար»,- նշել է Լավրովը՝ ելույթ ունենալով Դումայում:
Նախարարը հավելել է, որ առայժմ անհրաժեշտ է «մաքրել» ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ժառանգությունը։ Նա, ըստ Լավրովի, ամեն ինչ արել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկարաժամկետ գործընկերության հիմքի նույնիսկ առաջին նշանները ոչնչացնելու համար։
Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ազգային շահերը երբեք ամբողջությամբ չեն համընկնի, բայց համընկման դեպքում՝ կողմերը պետք է օգուտ քաղեն։ Փետրվարի 18-ին Էր Ռիադում կայացել են ռուս–ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։ Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Մյուս կողմում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։