
Եվրոպական ուղին ընտրելու դեպքում՝ Երևանը չի կարողանա արագ վերականգնել իր տնտեսությունը և կկանգնի լուրջ հետևանքների առջև․ փորձագետ
Եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, Երևանը ստիպված կլինի ամբողջությամբ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչը վերջ կդնի Մոսկվայի հետ առևտրին, NEWS.ru–ի հետ զրույցում նշել է Կովկասյան խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։
Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։ «ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի շրջանակներում համագործակցությունը հնարավոր չէ համատեղել, քանի որ դրանք ազատ առևտրի գոտիներ են, որոնք իրենց շուկաները պաշտպանում են մյուս գոտու ապրանքներից։ Եթե Հայաստանը միաժամանակ լինի դրանց մեջ, մաքսային պաշտպանության մեջ փոս կառաջանա։ Բացի այդ, եթե Երևանը միանա ազատ առևտրի գոտուն, ապա ԵՄ–ի խնդրանքով ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Սա կլինի ինչպես Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրի, այնպես էլ Եվրասիական միությանը հանրապետության մասնակցության ավարտը», – նշել է Սիլաևը։
Փորձագետի խոսքով՝ եթե Երևանն ընտրի եվրոպական ուղին, ապա չի կարողանա արագ վերականգնել իր տնտեսությունը և կկանգնի լուրջ հետևանքների առջև ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական։ «Ռուսաստանը Հայաստանի առանցքային, եթե ոչ ամենամեծ առևտրային գործընկերներից մեկն է։ Դրա հետ մեկտեղ Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների ապրանքաշրջանառությունը հանրապետության արտաքին առևտրի ահռելի մասն է կազմում։ Բացի այդ՝ Երևանը ռուսական էներգառեսուրսները գնում է էժան գներով։ Չպետք է մոռանալ ԵԱՏՄ աշխատաշուկա մուտքի մասին»,- հավելել է փորձագետը։