
ՌԴ Քննչական կոմիտեն պարզել է Աբխազիայում նախագահական ընտրությունների ժամանակ հայերին սպառնացող անձանց ինքնությունը
ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է Աբխազիայում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքացիների իրավունքների խախտման նոր փաստերի հաստատման մասին։
«Լրատվամիջոցներում և համացանցում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 19-ին Գագրայի շրջանի Ծանդրիփշ գյուղի բնակավայրերում մոտ 20 մեքենաներով ժամանած մի քանի տասնյակ հոգուց բաղկացած խումբը ճնշում է գործադրել տեղի գյուղական բնակավայրերի ղեկավարների վրա՝ նպատակ ունենալով համոզել տեղի հայ բնակչությանը հրաժարվել ընտրություններին մասնակցելուց»։
Նախաքննության շրջանակներում նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ լեզվաբանական։ Քննությունը նախապատրաստել է իրավաբանական օգնության միջնորդություն։ Ստուգման աշխատանքների արդյունքներով կկայացվի ընթացակարգային որոշում։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, փետրվարի 15-ին՝ ընտրությունների առաջին փուլից հետո, ընդդիմադիր աբխազական հասարակությունը նշել է, որ գրեթե ողջ հայ բնակչությունը քվեարկել է թեկնածու Բադրա Գյունբայի օգտին: Ավելի ուշ սոցիալական ցանցերում հայտնվեցին աուդիո ձայնագրություններ, որոնք, հնարավոր է, պատկանեն ընդդիմության ներկայացուցիչներին, որը գլխավորում է մեկ այլ թեկնածու՝ Ադգուր Արձինբան։ Ձայնագրության մեջ մի տղամարդ ասում է, որ ժամանակն է, որ հայերին «ցույց տան իրենց տեղը», իսկ մեկ այլ ձայնագրություն սպանության կոչ է պարունակում:
Փետրվարի 16-ին Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Ալիկ Մինոսյանը դիմել է հանրապետության ղեկավարությանը նախագահական ընտրությունների ժամանակ հայ բնակչության պաշտպանությունը երաշխավորելու պահանջով։
Նրա խոսքով՝ «նախընտրական քարոզարշավի սկզբից ճնշումներ են գործադրվել մի շարք գյուղերի ղեկավարների վրա, որտեղ բնակվում են ազգությամբ հայ քաղաքացիներ, սպառնալիքներ են հնչել՝ պահանջելով աջակցել կոնկրետ ուժերի»։
Փետրվարի 17-ին ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն մեկնաբանել է Աբխազիայում տիրող սպառնալիքների հետ կապված իրավիճակն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն նաև Ռուսաստանի քաղաքացիություն։
«Մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ, Աբխազիայի նախագահի թեկնածուներից մեկի շահերից ելնելով, մարդիկ պահանջում են, որ տեղի բնակիչները, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները, սատարեն կոնկրետ քաղաքական ուժերի։ Միաժամանակ սպառնալիքներ են հնչել Աբխազիայի և Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ»։ – նշել է Պետրենկոն։