22 Փտր
2025
-6.6° c ԵՐԵՎԱՆ
-11.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն չի կարող հրադադար կնքել առանց Ուկրաինայի համաձայնության, ինչպես ԱՄՆ-ն չի կարող չեղարկել պատժամիջոցներն առանց Եվրոպայի․ Մարկո Ռուբիո

ՌԴ-ն չի կարող հրադադար կնքել առանց Ուկրաինայի համաձայնության, ինչպես ԱՄՆ-ն չի կարող չեղարկել պատժամիջոցներն առանց Եվրոպայի․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպման հեռանկարը կախված է Ուկրաինայի հակամարտության կարգավորման առաջընթացից. հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նման հանդիպումներն առանց պատճառի չեն անցկացվում: Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ է քննարկվելու, և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել: Հանդիպման ժամկետը մեծապես կախված է նրանից, թե արդյո՞ք հնարավոր կլինի առաջընթաց գրանցել հակամարտությունը դադարեցնելու հարցում»,- նշել է նա լրագրող Քեթրին Հերիջի հետ զրույցում:

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն երկխոսություն է վարում Ռուսաստանի հետ՝ հասկանալու համար՝ պատրա՞ստ է արդյոք Մոսկվան խաղաղ բանակցությունների։ «Նախագահը ցանկանում է իմանալ, թե արդյո՞ք ռուսները լրջորեն են վերաբերվում պատերազմի ավարտին, և եթե այո՛, ապա ի՞նչ պայմաններով: Պարզելու միակ ճանապարհը երկխոսությունն է»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն խորհրդակցում է դաշնակիցների, այդ թվում՝ եվրոպական երկրների ու Ուկրաինայի հետ, և մտադիր չէ միակողմանի որոշումներ կայացնել։ «Ուկրաինացիները պետք է լինեն գործընթացի մի մասը: Ռուսաստանը չի կարող հրադադար կնքել առանց նրանց համաձայնության, ինչպես մենք չենք կարող չեղարկել պատժամիջոցներն առանց Եվրոպայի մասնակցության: Բոլորը պետք է ներգրավվեն»,- հավելել է նա: Մարկո Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնում Վլադիմիր Զելենսկու հասցեին, և որոշ դեպքերում՝ նման արձագանքն արդարացված է։ «Նախագահ Թրամփը շատ դժգոհ է Զելենսկու պահվածքից, և որոշ դեպքերում՝ իրավացիորեն։ Մարդիկ մոռանում են, որ Ջո Բայդենը նույնպես տարաձայնություններ ուներ Զելենսկու հետ», – նշել է Ռուբիոն։

Նա հավելել է, որ Զելենսկու որոշ հայտարարություններ Վաշինգտոնում զայրույթ են առաջացնում։ «Մենք նրա հետ քննարկել ենք հանքային պաշարների հարցը, առաջարկել ենք համագործակցություն, նա համաձայնել է, ասել է, որ այն կներկայացնի խորհրդարանի քննարկմանը, իսկ երկու օր անց հրապարակավ հայտարարել, որ մերժում է այդ գաղափարը»։ Պետքարտուղարի խոսքով՝ Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում մնում է անփոփոխ, սակայն Սպիտակ տունը հարգանք է պահանջում։ «Երբ երախտագիտության փոխարեն ապատեղեկատվության մեղադրանքներ են հնչում, դա չափազանց հակաարդյունավետ է: Թրամփն այն մարդը չէ, ով կհանդուրժի դա»,- հավելել է Ռուբիոն։ Նա նաև հավելել է, որ պատժամիջոցների վերացման հարցը Էր Ռիադում ռուս պաշտոնյաների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ չի բարձրացվել, քանի որ քննարկումները դեռ չեն հասել այդ փուլին։