
Եվրոպացիները պետք է ավելին անեն՝ Եվրոպան պաշտպանելու բեռն ամերիկացիներից հանելու և էլ ավելի ինքնավար լինելու համար․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփից կպահանջի ավելի կոշտ լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքերը մեջբերել է France24-ը։
«Ես նրան կասեմ՝ նախագահ Պուտինի հետ դու չես կարող թույլ լինել», – նշել է Մակրոնը և հավելել, որ չի նախատեսում «վաղը» զորք ուղարկել Ուկրաինա, սակայն Ֆրանսիան դիտարկում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը Ռուսաստանի հետ հնարավոր զինադադարի համաձայնագրից հետո։
Ֆրանսիայի նախագահը, պատասխանելով սոցցանցերի օգտատերերի հարցերին, նշել է, որ Եվրոպան պետք է համաձայնի «զանգվածային պաշտպանության» պլանի շուրջ և ավելի շատ ներդրումներ կատարի ներքին զենքի արտադրության մեջ՝ անորոշության պայմաններում: Եվրոպացիները «մտահոգված են» Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսմամբ, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Վաշինգտոնի շարունակական աջակցության անորոշությամբ, որը պահանջում է ԵՄ-ից ավելի շատ նպաստել իր անվտանգությանը և նաև պլաններ է մշակում Գրենլանդիան միացնելու ուղղությամբ:
«Մեզ 5-ից 10 տարվա ռազմավարություն է պետք։ Մենք՝ եվրոպացիներիս, պետք է ավելին անենք՝ Եվրոպան պաշտպանելու բեռն ամերիկացիներից հանելու և էլ ավելի ինքնավար լինելու համար», – նշել է Մակրոնը։
Նա բացատրել է, որ խնդիրը եվրոպական պաշտպանական ձեռնարկություններում ավելի շատ միջոցներ ներդնելու և գնումների հարցում նրանց առաջնահերթություն տալու մասին է։