21 Ապր
2025
14.1° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեշտ չի լինելու․ Մերցը՝ Գերմանիայում նոր կառավարություն ձևավորելու մասին

Հեշտ չի լինելու․ Մերցը՝ Գերմանիայում նոր կառավարություն ձևավորելու մասին

Նախնական պաշտոնական տվյալներով՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ (Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն) դաշինքը, ինչպես և սպասվում էր, հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։ Երկրորդ տեղում է աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ հասնելով իր պատմության լավագույն արդյունքին։ Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) զբաղեցրել է երրորդ տեղը՝ երբևէ գրանցած վատագույն արդյունքը:

Գերմանիայի Դաշնային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ աջ կենտրոնամետ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, հավաքել է ձայների 28,6%-ը։ Մինչ այս, սոցիոլոգները կանխատեսում էին ՔԴՄ/ՔՍՄ -ի վստահ հաղթանակը, իսկ հետո exit poll-ը հաստատել է դա, իսկ Մերցը՝ հայտարարել իր դաշինքի հաղթանակի մասին:

«Այս գիշեր կնշենք, իսկ վաղվանից կսկսենք աշխատել»,- ասել է Մերցը՝ Բեռլինում իր թիմակիցներին։ Երկրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների 20,8%-ը՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների։ Սա լավագույն արդյունքն է AfD-ի պատմության մեջ, և ընտրություններից հետո Ալիս Վայդելի կուսակցությունը կարող է կրկնապատկել իր պատգամավորների թիվը Բունդեսթագում։

Սոցիալ-դեմոկրատները՝ Օլաֆ Շոլցի գլխավորությամբ, երրորդ տեղում են՝ իրենց պատմության մեջ վատագույն արդյունքով՝ հավաքելով ձայների 16,4%-ը։ Շոլցն ընդունել է ընտրություններում պարտությունը՝ արդյունքները դառը համարելով SPD-ի համար։

Կանաչների օգտին քվեարկել է 11,6 տոկոսը, Ձախ կուսակցությանը՝ 8,8 տոկոսը։ Ձախ ազգայնական «Սահրա Վագենկնեխտ» միությունը և աջ-ազատական «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն, ըստ նախնական տվյալների, չեն հաղթահարել 5 տոկոսի արգելքը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 84%՝ ամենաբարձրը 1990 թվականից ի վեր։ Հաղթող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կանցլերի պաշտոնի գլխավոր հավակնորդն է։ Սակայն Բունդեսթագում նոր կանցլերի քվեարկությունը տեղի կունենա միայն իշխող կոալիցիայի կազմավորումից հետո։ Մերցը ընտրություններից հետո հայտարարել է, որ հույս ունի կոալիցիոն կառավարություն կազմել մինչև ապրիլի 20-ը։ Նա խոստովանել է, որ հեշտ չի լինելու։

Ռազմագերիներ