20 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն և Ադրբեջանը փակուղի են մտել «Զանգեզուրի միջանցքում»․ ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին․ Независимая Газета

ՀՀ-ն և Ադրբեջանը փակուղի են մտել «Զանգեզուրի միջանցքում»․ ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին․ Независимая Газета

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները վիճել են, թե կոնկրետ ի՞նչ են քննարկում խաղաղության պայմանագրի նախապատրաստման շրջանակներում, և ինչի՞ շուրջ կսկսեն բանակցել դրա ստորագրումից հետո։ Միևնույն ժամանակ, երկու կողմերն էլ վստահ են, որ բանակցությունների վերջնական փուլը մոտ է. գրել է Независимая Газета-ն։

Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆաթ Ասկերովը հայտարարել է, թե «ԱՄՆ նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենի ճնշման ներքո Հայաստանի իշխանությունները հետաձգել են փաստաթղթի ստորագրումը»։

Միաժամանակ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ կողմերին մնացել է համաձայնության երկու կետ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները։

«Այսօրվա դրությամբ՝ համաձայնագրի 17 կետերից 15-ը համաձայնեցված են։ Չլուծված կետերից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է», – նշել է Ասկերովը։

Իր հերթին,Երևանը հերքել է այդ կետերի քննարկումը՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համատեքստում։ «Վերոնշյալը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես հրապարակավ հայտարարել է վարչապետ Փաշինյանը, երկու կետերը, որոնք դեռ համաձայնեցված չեն, մի կողմից վերաբերում են սահմանին երրորդ ուժերի տեղակայմանը, մյուս կողմից՝ միջազգային իրավական կառույցներում միմյանց դեմ ներկայացված բողոքներին։ Դա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն»,- հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը НГ-ին հայտնել է, որ իրականում խաղաղության պայմանագրի նախագծում համաձայնեցված չէ միայն երկու կետ։ Սակայն նա չգիտի, թե ինչու՞ է Ասկերովը որոշել, որ դրանք վերաբերում են «Զանգեզուրի միջանցքին» և Հայաստանի Սահմանադրության փոփոխություններին։ «Խոսքը հայցերը փոխադարձ հետ կանչելու և սահմանին երրորդ անձանց առկայության մասին է։ Ընդ որում` բանավոր մակարդակով Երևանն արդեն պայմանավորվել է Բաքվի հետ, որ պահանջներ չպետք է լինեն։ Հավանաբար, այս կետի մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն։ Ինչ վերաբերում է սահմանին երրորդ ուժերի առկայությանը, ապա դեռ վաղ է խոսել համաձայնության մասին»,- պարզաբանել է Շաֆիևը։

Միաժամանակ, թեև խաղաղ բանակցությունների շրջանակներում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չի քննարկվում, Բաքուն դեռ սպասում է դրան, պարզաբանել է քաղաքագետը։ Հիշեցնենք, որ 2024 թվականի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն դեռ չեն կարողանում պայմանավորվել միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից հրաժարվելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու շուրջ։ Ինչպես նաև, Ադրբեջանի հատուկ դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո լուծել հաղորդակցությունների բացման հարցը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ