
Ադրբեջանի «սողացող ագրեսիան» շուտով կարող է պայթել՝ վերածվելով նոր էսկալացիայի․ Modern Diplomacy
Ադրբեջանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղում ոչ թե Հայաստանի և հայերի հետ նրա հակամարտության ավարտն էր, այլ ուղղակի շրջադարձային պահը շարունակվող արշավում: Բաքուն հետապնդում է այն, ինչը ժամանակի ոգով կարող է կոչվել «սողացող ագրեսիա»՝ աստիճանական էսկալացիա, Modern Diplomacy-ին:
Մինչ այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աստիճանաբար ընդլայնել է ազդեցությունը՝ գրավելով փոքր տարածքներ, կիրառելով դիվանագիտական պարտադրանք, ագրեսիվ հռետորաբանության միջոցով ապահովելով, որ Հայաստանը մնա պաշտպանական դիրքում, այնուհետև 2022-ի վերջին շրջափակել Լեռնային Ղարաբաղը և վերջապես 2023-ի սեպտեմբերին հարձակվելով նրա վրա՝ ստիպելով ավելի քան 120 000 էթնիկ հայ բնակչությանը արտագաղթել։
Այժմ Ալիևը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ «Զանգեզուրի (կամ Մեղրիի) միջանցքը», որը Ադրբեջանը համարում է կարևոր առևտրային ճանապարհ իր թուրք հովանավորի և Կենտրոնական Ասիայի միջև: Նա գիտի, որ իր ռազմական և տնտեսական գերակայությունը հավերժ չի տևի, և հաջորդ կամ երկու տարին դիտարկում է որպես կարևոր պատուհան գործելու համար, մինչև Հայաստանը փակի այդ բացը: Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը պատշաճ կերպով կպատրաստվի։ Ալիևի մոտեցումը ձևավորվում է չորս հիմնական գործոններով.
- Ներքին քաղաքականություն և հայատյացություն. հայերի դեմ պետական ատելության տարիներն Ադրբեջանում ստեղծել են Հայաստանի վրա ճնշում գործադրելու շարունակական ակնկալիքներ այդ երկրում: Ալիևն օգտագործում է այս տրամադրությունը՝ պահպանելու իր ավտոկրատական իշխանությունը, որն աշխարհում ամենադաժաններից մեկն է՝ շեղելով հասարակությանը ներքին տնտեսական մարտահրավերներից:
- Անկման վախ. Ադրբեջանի տնտեսությունը ներկայումս գտնվում է իր գագաթնակետին` ուժեղացված նավթի և գազի բարձր եկամուտներով, սակայն Ադրբեջանի նավթային հարստությունը նվազում է: Ալիևը դա հասկանում է և 2025 թվականը դիտարկում է ո,րպես գործողությունների փակվող պատուհան։
- Գերիշխող Հոբսյան քամիները. Վլադիմիր Պուտինի հարձակումը Ուկրաինայի վրա, Թուրքիայի դաժան միջամտությունները Սիրիայում, և Դոնալդ Թրամփի սպառնալիքները Դանիայի (Գրենլանդիայի), Պանամայի (ջրանցքի շուրջ) և Կանադայի նկատմամբ, գուցե կարճ ժամանակով, բայց ուժը վերածում են «ճշտի»։
- Ալիևի ավելի նուրբ հարաբերություններն Արևմուտքի հետ. ի տարբերություն ռուս Վլադիմիր Պուտինի կամ Բելառուսի Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ալիևը պահպանել է դիվանագիտական կամուրջները: Այս բարդ ֆոնի վրա միջանցքի վրա հարձակման հավանականությունը չի կարելի անտեսել: Եթե գլոբալ իրադարձություններ տեղի ունենան, ինչպիսիք են Իսրայել-Իրան պատերազմը կամ Թրամփի կողմից ԱՄՆ ծովային հետևակայինների տեղակայումն այլուր, Ալիևը կարող է օգտագործել ծխածածկույթը՝ էսկալացիայի համար: Հավասարման մի մասը տարածաշրջանային ուժերի հարաբերակցության փոփոխությունն է, որը հիմնականում ներառում է Թուրքիան, որն ավելի ու ավելի վճռորոշ դեր է խաղում Հարավային Կովկասի ձևավորման գործում։
- Թուրքիայի ռազմավարական հաղթանակը Սիրիայում. 2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում ռեժիմի փոփոխությունից հետո, Անկարան զգալիորեն ընդլայնել է իր ազդեցությունը: Այժմ առանցքային հարցն այն է, թե արդյոք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կամրապնդի իշխանությունը միայն Սիրիայում, թե՞ կօգտագործի իր թափը Զանգեզուրով դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա թուրքամետ միջանցք ստեղծելու համար:
- Թուրքիա-Ադրբեջան դասավորվածությունն ուժեղանում է. Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքը մնում է անձեռնմխելի՝ չնայած Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերի ամոթալի էթնիկական մաքրմանը:
- Ռուսաստանի պոտենցիալ վերադարձը տարածաշրջան. ուկրաինական պատերազմի հնարավոր լուծումը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը կվերահաստատի իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Կախված նրանից, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, Մոսկվան կարող է կա՛մ կայունացնել, կա՛մ ավելի ապակայունացնել Հայաստանի անվտանգության իրավիճակը:
- Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում. Թեև Իրանը պատմականորեն ընդդիմանում է Ադրբեջանի էքսպանսիոնիզմին, վերջին զարգացումները թուլացրել են Թուրքիայի և Ադրբեջանի քայլերը հակակշռելու նրա կարողությունը: Եթե Թեհրանն էլ ավելի թուլանա արտաքին ճնշումներից, ինչպիսին է Իսրայելի հարձակումը իր միջուկային օբյեկտների վրա, Բաքուն կարող է իրեն համարձակ զգալ:
Ադրբեջանի սպառնալիքներին դիմակայելու համար Հայաստանը պետք է իրականացնի բազմակողմ ռազմավարություն։ Այն պետք է արագացնի ռազմական բարեփոխումները, արդյունավետ ներգրավի Թրամփի վարչակազմին։ ՀՀ-ն պետք է նաև Ադրբեջանին հակադարձի միջազգային ասպարեզներում։ Բաքվի դիվանագիտական ջանքերը մեծապես պաշտպանել են նրան Արևմուտքի պատժամիջոցներից՝ չնայած ագրեսիային: Հայաստանը պետք է գլոբալ իրազեկման արշավ սկսի` ընդգծելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և Բաքվի վրա դիվանագիտական ճնշումը մեծացնելու ընդլայնողական հավակնությունները: Առաջիկա երկու տարիները կորոշեն՝ երկիրը կապահովի՞ իր ինքնիշխանությունը, թե՞ խոցելի կմնա տարածաշրջանային ուժային խաղերի համար: