
Մակրոնը նշել է Ուկրաինայում հրադադարի հնարավոր ժամկետները
Ուկրաինայում հրադադարը կարող է ձեռք բերվել մոտակա շաբաթների ընթացքում. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես կարծում եմ, որ հնարավոր է գոնե հասնել զինադադարի, իսկ հետո սկսել քննարկել կայուն խաղաղությունը։ Կարծում եմ՝ դրան կարելի է հասնել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի խոսքով՝ դա հնարավոր է դարձել Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնին վերադառնալու շնորհիվ։ «Ես նախագահ Թրամփի նախաձեռնությունը շատ դրական եմ համարում։ Նախագահ Թրամփի իշխանության գալը շրջադարձային էր»,- ընդգծել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը դրական է գնահատել նաև Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունները՝ նշելով, որ Եվրոպայի ներկայացուցիչների բացակայությունը զարմանալի չէ։
«Նորմալ է, որ ԱՄՆ-ը քննարկումներ ունենա Ռուսաստանի հետ, նրանք բանակցելու շատ այլ թեմաներ ունեն։ Բանն այն է, որ մեզ մտահոգում էր Ուկրաինայի բացակայության դեպքում հարցի քննարկումը կամ Եվրոպայի բացակայության դեպքում եվրոպական անվտանգությունը»,- պարզաբանել է նա։
Միաժամանակ Մակրոնը հավելել է, որ անհրաժեշտ է համարում համատեղ աշխատել ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, քանի որ դա ուղղակիորեն վերաբերում է եվրոպական անվտանգությանը։