26 Փտր
2025
1.3° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը «մասնակի ազատ է» Freedom House-ի ամենամյա զեկույցում. ի՞նչ վիճակ է տարածաշրջանում

Հայաստանը «մասնակի ազատ է» Freedom House-ի ամենամյա զեկույցում. ի՞նչ վիճակ է տարածաշրջանում

Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2025» ամենամյա զեկույցը, որը կազմված է 195 երկրների և 13 տարածքների թվային վարկանիշներից և օժանդակ նկարագրական տեքստերից: Արտաքին վերլուծաբանները գնահատում են 208 երկրներ և տարածքներ՝ օգտագործելով տեղում հետազոտություններից, տեղական կոնտակտների հետ խորհրդակցություններից և լրատվական հոդվածներից, ոչ կառավարական կազմակերպություններից, կառավարություններից և մի շարք այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: Փորձագետ խորհրդատուները և տարածաշրջանային մասնագետներն այնուհետև ստուգում են վերլուծաբանների եզրակացությունները:

Յուրաքանչյուր երկրի և տարածքի համար «Ազատությունն աշխարհում» զեկույցը վերլուծում է ընտրական գործընթացը, քաղաքական բազմակարծությունը և մասնակցությունը, կառավարության գործունեությունն, արտահայտվելու և համոզմունքների ազատությունը, միավորումների և կազմակերպչական իրավունքները, օրենքի գերակայությունն, անձնական ինքնավարությունն ու անհատական իրավունքները:

Ըստ այս տարվա զեկույցի՝ 60 երկրում վատթարացել են քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները, և միայն 34-ն են ապահովել բարելավումներ: Ընդգծվել է, որ ազատության գլոբալ անկման յուրաքանչյուր տարվա ընթացքում ժողովրդավարությունների համար ավելի հրատապ է դառնում աշխատել միասին՝ դադարեցնելու և հետ մղելու վատթարացումը: Այս ժամանակաշրջանի իրադարձությունները կրկին ու կրկին ցույց են տվել, որ ավտորիտար բռնաճնշումների և սխալ կառավարման վնասակար հետևանքները պարբերաբար տարածվում են ազգային սահմաններից դուրս: Եվ ինչպես բռնապետությունը խթանում է անկայունության, զինված հակամարտությունների, ահաբեկչության, զանգվածային տեղահանությունների և կոռուպցիայի տարածումն ամբողջ աշխարհում, ժողովրդավարական իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությունն է, որ ի վերջո ապահովում է ազատություն, անվտանգություն և բարգավաճում: Ժողովրդավարությունները, որպես իրենց գոյատևման խնդիր, պետք է դրսևորեն տարրական համերաշխություն և կանխեն ավտորիտար ուժերի կողմից այլ ազատ հասարակությունների ուղղակի նվաճումը: Վարկանիշում առավելագույն միավորը 100-ն է, որը կազմվում է «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ենթաբաժիններով ստացված արդյունքների համագումարով։ Երկրներն, ըստ իրենց միավորների, համարվում են «ազատ», «մասնակի ազատ» և «ոչ ազատ»։ Հայաստանը 54 միավորով «մասնակի ազատ» է։ «Քաղաքական իրավունքների» ենթաբաժնում այն առավելագույն առավելագույն 40-ից ստացել է 23 միավոր, իսկ «Քաղաքացիական ազատություններում» առավելագույն 60-ից՝ 31-ը։ Հարևան պետություններից Թուրքիան 33 միավորով «ոչ ազատ» է։ Իրանը և Ադրբեջանը ևս դասվել են այս շարքին՝ համապատասխանաբար 11 և 7 միավորներով։ Եթե վերոնշյալ չորս պետությունները պահպանել են նախորդ տարվա ցուցանիշն, ապա Վրաստանը զիջել է իր դիրքերը։ Նարորդ տարվա 58 միավորի փոխարեն երկիրն այս տարի ունի 55 միավոր և համարվում է «մասնակի ազատ»։