26 Փտր
2025
-0.6° c ԵՐԵՎԱՆ
-6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիների հավաքական վերադարձը ցնորք չէ, աշխատում ենք այդ ուղղությամբ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

Արցախցիների հավաքական վերադարձը ցնորք չէ, աշխատում ենք այդ ուղղությամբ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

Արցախի հարցի լուծման համար արցախցիները պետք է համախմբված ապրեն Հայաստանում, պետք է ստեղծենք պայմաններ, որ նրանք լիիրավ մնան և չարտագաղթեն. ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Համաշխարհային առումով աշխատանք պետք է տանենք հավաքական վերադարձի իրավունքի համար: Սա ցնորք չէ, որովհետև կան պետություններ, որ արդեն իսկ այս ուղղությամբ համախոհ են»,–ասել է Տեր Խաչատուրյանը:

Նա նշել է, որ լուծումը պատկերացնում են միջանկյալ կարգավիճակ շնորհելով և միջազգային երաշխիքների տակ:

«ժողովուրդը պետք է վերադառնա իր բնիկ հողերը և այնտեղ կառուցի իր կյանքը։  Այդ նպատակով լոբբինգ ենք տանում:  Հիմա չենք ասի, թե որ երկիրը պետք է ստանձնի պատասխանատվությունը, բայց արդեն կան նման երկրներ: Այդ դերում մենք տեսնում ենք թե՛ ՌԴ–ին, թե՛ Արևմուտքի երկրներին, որոնք պատրաստ են անաչառ միջամտություն կատարել այդ ուղղությամբ։ Նման աշխատանքներ տարվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Արևելքում: Դրանք սկզբնական փուլում են, բայց տեղի են ունենում ամենաբարձ մակարդակով, Ֆրանսիայի դեպքում՝ նախագահականի հետ, ԱՄՆ–ի դեպքում՝ նոր վարչակարգի հետ»,–ասել է Հակոբ Տեր–Խաչատուրյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ նախքան Թրամփի ընտրությունը իրենք գերիների հարցով հատուկ խնդրանք են ներկայացրել թե՛ նրան, թե՛ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին:

«Երկուսն էլ խոստացել են, բայց Թրամփը փոքր–ինչ ավելի էր խոստացել՝ ի զարմանս մեզ, որովհետև հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր իր պաշտոնավարման առաջին շրջանում, բայց այս անգամ բավական լրջորեն է ուսումնասիրել «հայկական դոսյեն»՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքի պատճառով»,–ասել է նա՝ հավելելով, որ Թրամփի վարչակազմում կա 3 բարձրաստիճան պաշտոնյա՝ Մարկ Ռուբիո, Թալսի Գաբարդ, ինչպես նաև Ռոբերտ Քենեդի, որոնք ոչ միայն ծանոթ են հայության խնդրին, այլև նրանցից մեկն այցելել են Արցախ։

«Այդ իմաստով կան նախանշաններ, բայց դեռ շատ վաղ է` 100 օրվա մեջ նախագահը Հայաստանի առաջնորդությունը բարձրացնել իր առաջին դաս»,–ասել է Տեր–Խաչատուրյանը՝ հավելելով, որ ամեն գնով շարունակելու են տարբեր երկրներում ճնշում բանեցնել գերիների հարցով, իսկ Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում այդ հարցը՝ խոչընդոտելով իրենց աշխատանքը: