
ԱՄՆ-ն մերժել է արաբ առաջնորդների առաջարկած Գազայի վերականգնման այլընտրանքային ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է Գազայի վերականգնման ծրագիրը, որը հավանության էր արժանացել արաբ առաջնորդների կողմից։ Նշվել է, որ ԱՄՆ նախագահը հավատարիմ է իր սեփական տեսլականին, որը ներառում է տարածքի պաղեստինցի բնակիչների արտաքսումը և այն ԱՄՆ-ին պատկանող «ռիվիերայի» վերածելը․ այս մասին հայտնել է CNN գործակալությունը։
«Ներկայիս առաջարկը չի անդրադառնում այն իրականությանը, որ Գազայի հատվածն այժմ անբնակելի է, և բնակիչները չեն կարող մարդկայնորեն ապրել բեկորներով և չպայթած զինամթերքով պատված տարածքում», – հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը՝ հավելելով, որ «նախագահ Թրամփը պաշտպանում է Գազայի հատվածը ՀԱՄԱՍ-ից զերծ վերականգնելու իր տեսլականը: Մենք անհամբեր սպասում ենք հետագա բանակցություններին՝ տարածաշրջանին խաղաղություն և բարգավաճում բերելու համար»:
Գազայի հատվածի հետպատերազմյան ծրագիրը, որն առաջարկվել է Եգիպտոսի կողմից և կոչ է անում ՀԱՄԱՍ-ին իշխանությունը զիջել ժամանակավոր վարչակազմին, թույլ կտա մոտ 2 միլիոն պաղեստինցիներին մնալ Գազայում՝ ի տարբերություն Թրամփի առաջարկի:
Ինչպես նշել է գործակալությունը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռ հրաժարվում է հստակեցնել, թե ինչպես է պատկերացնում Գազայի հետպատերազմյան ապագան, բացառությամբ այն բանի, որ հավանություն է տալիս Թրամփի «այլ Գազայի» ծրագրին։
Արաբական երկրների՝ 53 միլիարդ դոլար արժողությամբ առաջարկը կոչ է անում վերականգնել Գազան մինչև 2030 թվականը:
Ինչպես նշել է CNN-ը, չնայած արաբական երկրները հավանություն են տվել Եգիպտոսի ծրագրին, դրա տարածաշրջանային աջակցության չափը մնում է անորոշ: Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները, որոնց ֆինանսական աջակցությունը կենսական նշանակություն կունենա հետպատերազմյան ռազմավարության համար, բացակայել են գագաթնաժողովից: Միևնույն ժամանակ՝ Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը բոյկոտել է հանդիպումը՝ քննադատելով առկա «անհավասարակշռություններն ու թերությունները»։
CNN-ը ձեռք է բերել փաստաթղթի պատճենը, որը նախատեսում է հինգ տարվա ընթացքում առևտրի կենտրոնների, միջազգային համաժողովների կենտրոնի և նույնիսկ օդանավակայանի զարգացման հավակնոտ ծրագիր: Այն նաև նպատակ ունի գրավել զբոսաշրջիկներին՝ կառուցելով առողջարաններ և ընդլայնելով միջերկրածովյան անկլավի ափը: Փաստաթղթում ընդգծվել են դժվարությունները Գազայի հատվածում զինյալներին զինաթափելու հարցում: