
Իրանի իշխող վերնախավում կարծիքներ կան, որ պետք է բանակցել ԱՄՆ-ի հետ. իրանագետ
Իրանում ուզում են բանակցություններ սկսել ԱՄՆ–ի hետ, որովհետև տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, ամերիկյան և այլ միջազգային պատժամիջոցներն Իրանի տնտեսությունը կաթվածահար են արել, սոցիալական մեծ լարվածություն կա երկրում: Իշխող վերնախավում կան ձայներ, կան կարծիքներ, որ պետք է գնալ ԱՄՆ–ի հետ բանակցությունների և մի նոր միջուկային գործարք կնքել. ABC media–ի հետ զրույցում ասել իրանագետ Արմեն Վարդանյանը։
«Իրանը նաև դառը փորձ ունի, որովհետև Թրամփի կառավարման առաջին ժամկետում ԱՄՆ–ը դուրս եկավ 2015 թվականին՝ դեռևս Բարաք Օբամայի օրոք կնքված միջուկային համաձայնագրից, ընդ որում՝ միակողմանիորեն։ Փաստացի, այժմ էլ կան մտավախություններ, որ նոր գործարքը կամ չի լինի, կամ էլ, եթե լինի, որևէ երաշխիք չկա, որ ԱՄՆ–ն էլի ինչ–որ մի պահի չի խախտի այն և դուրս չի գա այդ գործարքից։ Հենց սրանով են պայմանավորված Իրանի քաղաքական վերնախավում առկա տարաձայնությունները: Оրերս նախկին արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, որը եղել է միջուկային գործարքի ճարտարապետներից մեկը և գլխավոր բանակցողը Իրանի կողմից, հրաժարական տվեց: Շատերի կարծիքով՝ այս հրաժարականը հենց դրա հետ էր կապված, որովհետև Զարիֆն էլ այն թիմի ներկայացուցիչն է, որ կարծում եմ, որ պետք է ԱՄՆ–ի հետ բանակցության գնալ»,-ասել է իրանագետը։
Իրանի մտահոգությունը, որ հնարավոր բանակցություններում իրենց ղեկավարը կարժանանա Զելենսկիի ճակատագրին, Վարդանյանը չի բացառում։ «Թրամփը էքստրավագանտ կերպար է, նաև անկանխատեսելի, սա արդեն ամբողջ աշխարհին է հայտնի։ Զելենսկիի դեպքը պատրաստ էր, թղթերը, փաստաթղթերը՝ սեղանին դրված, որ պետք է ստորագրեն, բայց տեսանք, վերջին պահին մի անսպասելի փոխհրաձգություն եղավ, կողմերը սկսեցին իրար մեղադրել և գործարքը չկայացավ։ Այնպես որ, այո՛, Իրանի հետ էլ կարող է նույն բանը լինել: Այսօր ոչ մեկն աշխարհում չի կարող երաշխավորել, որ Թրամփը իր ստանձնած պարտավորությունները մինչև վերջ կկատարի կամ Թրամփը այսպիսի անկանխատեսելի քայլեր չի անի, որոնք որ կարող են ինչ–որ նոր տհաճ միջադեպերի բերել»,-շեշտել է Վարդանյանը։
Անդրադառնալով Թուրքիա–Իրան լարված հարաբերություններին՝ Վարդանյանը նշել է, որ այս երկրներն ընդհանուր շահեր ունեն։ «Թուրքիայի և Իրանի հարաբերություններում մեծ խզում չի լինի կամ ինչ–որ մեծ իրադարձություններ չեն լինի։ Այո, ինչ–որ լարվածություն կա, բայց դա կանցնի, որովհետև իրենք խորքային տարաձայնություններ չունեն, ինչպես, ասենք, Իրանը ԱՄՆ–ի հետ։ Ժամանակ առ ժամանակ փոխադարձ կարող է ոչ հաճելի, ոչ ականջահաճո հայտարարություններ լինեն, բայց դա չի բերում միջպետական հարաբերություններում լարվածությանը։ Որպես կանոն դրանք շատ արագ հարթվում են։ Այդպիսի դեպքեր այս վերջին տարիներին բազմիցս է գրանցվել, բայց դա ազդեցություն չի ունենում երկկողմյան հարաբերություններիվրա»,-եզրափակել է նա։