
«ՀՀ-ն ՀԱՊԿ-ում. ռազմավարական հայացք»․ աշխարհաքաղաքական փոփոխությունները սպառնում են տարածաշրջանային անկայունությամբ. Special Eurasia
Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամակցության դադարեցումը տարածաշրջանային անվտանգության դինամիկայի կարևոր տեղաշարժ է: Մինչ ՀԱՊԿ պաշտոնյաները պահպանում են Երևանի անդամակցությունը, երկրի անջատումը մտահոգություն է առաջացնում դաշինքի կայունության վերաբերյալ: Ավելի լայն ռազմավարական հետևանքները ներառում են տարածաշրջանային անկայունության աճ և տեղաշարժեր Հայաստանի անվտանգության դաշինքներում: Հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը և Երևանի` ԵՄ անդամակցության ձգտումը նոր աշխարհաքաղաքական փոփոխականներ են մտցնում, որոնք պահանջում են մանրակրկիտ մոնիթորինգ:
Special Eurasia կայքը ներկայացրել է «Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ). ռազմավարական հայացք» խորագրով զեկույց, որը գնահատում է Հայաստանի դիրքորոշման աշխարհաքաղաքական և անվտանգության հետևանքները և տարածաշրջանային կայունության համար հնարավոր արդյունքները:
Հայաստանի դժգոհությունը ՀԱՊԿ-ի արձագանքից իր անվտանգության մտահոգություններին, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ լարվածության առնչությամբ, հանգեցրել է աստիճանական անջատման։ Չնայած դրան՝ ՀԱՊԿ պաշտոնյաները պնդում են, որ Հայաստանը մնում է ֆորմալ դաշնակից։ Հայաստանի որոշումը սառեցնել մասնակցությունը, պահպանելով պաշտոնական անդամակցությունը, վկայում է նրա անվտանգության դիրքորոշման ռազմավարական վերահաշվարկի մասին: Ֆինանսական ներդրումների բացակայությունը հարցեր է առաջացնում կազմակերպության ներսում նրա կարգավիճակի կայունության վերաբերյալ: Թեև ռուս պաշտոնյաները ընդունում են հնարավոր քննարկումները, եթե Հայաստանը չկատարի անդամավճարը մինչև 2026 թվականը, նրանք ձեռնպահ են մնում բացահայտ արտաքսման առաջարկներից: Մինչդեռ Երևանի ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ ուժեղացնում է նրա ինտեգրումն արևմտյան ազդեցության ոլորտում՝ ներառելով տնտեսական և անվտանգության հարթությունները։
Աշխարհաքաղաքական հետևանքները դուրս են գալիս Հայաստան -ՀԱՊԿ հարաբերությունների շրջանակից: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է պաշտոնավարումը։ Մոսկվայի դժգոհությունն ակնհայտ է եղել Արևմուտքի հետ Հայաստանի խորացող կապերի առնչությամբ, մասնավորապես՝ Արցախում Ադրբեջանի գործողություններին նրա արձագանքում։ Կրեմլի անգործությունը 9-ամսյա շրջափակման և դրան հաջորդած Բաքվի կողմից Արցախի հայ բնակչության վրա հարձակումների ընթացքում կարող էր նախազգուշացում ծառայել Երևանին ռուսական անվտանգության երաշխիքներից հեռու մնալու հետևանքների մասին։ Քանի որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները գտնվում են պատմական նվազագույնի վրա, երաշխիք չկա, որ Կրեմլը կգործի Ադրբեջանի դեմ, որը մնում է գազային ոլորտում հարմար գործընկեր: Այնուամենայնիվ, Բաքուն, Անկարայի նման, ռազմավարական երկիմաստությամբ է նավարկում իր արտաքին դաշինքներում՝ ավելացնելով իրավիճակի տատանողականությունը: Հայաստանը հետամուտ է եղել ավելի սերտ կապերի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։ 2025 թվականին Հայաստանի խորհրդարանը նախաձեռնել է օրենսդրություն ԵՄ անդամակցության ուղղությամբ՝ ազդարարելով երկարաժամկետ ռազմավարական տեղաշարժ։ Ավելի բարդացնելով տարածաշրջանային հավասարակշռությունը՝ ԱՄՆ քաղաքական գործիչները, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Վենսը խոստացել են աջակցել Հայաստանին՝ վկայակոչելով կրոնական և մարդասիրական մտահոգությունները: Այնուամենայնիվ, ԱՄՆ նախկին պարտավորությունները միշտ չէ, որ վերածվել են կոնկրետ գործողությունների՝ անորոշություն առաջացնելով Վաշինգտոնի՝ որպես անվտանգության գործընկերոջ հուսալիության վերաբերյալ: Փաստացի, ԱՄՆ նախորդ վարչակազմը բացահայտորեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումները Արցախում։ Այնուամենայնիվ, նման գործողություններից հետո Բաքվի դեմ ոչ միայն միջամտություն կամ պատժամիջոցներ չի կիրառել, այլ նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին անուղղակիորեն հավանություն է տվել այդ գործողություններին՝ մասնակցելով Ադրբեջանի կողմից հովանավորվող քարոզչական շրջագայությանն այն քաղաքներում, որտեղից հայերը զտվել էին:
Թեև ԱՄՆ-ն գլոբալ ռազմական գերիշխող ուժն է, այն Կովկասում հիմնական դերակատարը չէ: Եթե Ադրբեջանը հարձակում գործի Հայաստանի վրա, Վաշինգտոնը կկանգնի զգալի մարտահրավերների առաջ՝ ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում: Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը խորացնում է տարածաշրջանում ուժեր տեղակայելու նյութատեխնիկական դժվարությունները: Հայաստանի բոլոր հարևան պետությունները ռազմավարական խոչընդոտներ են ներկայացնում։ Թուրքիան Ադրբեջանի հավատարիմ դաշնակիցն է և ուղղակի աջակցություն կցուցաբերի Բաքվին: Վրաստանը, չնայած Ադրբեջանի հետ պատմական լարվածությանը, շարունակում է սերտորեն կապված լինել Բաքվի հետ տնտեսական և էներգետիկ կախվածության պատճառով, քանի որ իր գազի մատակարարման մոտավորապես 90%-ը Ադրբեջանով է անցնում: Իրանը դժվար թե իր ցամաքային կամ իր օդային տարածքն առաջարկի Արևմուտքի ռազմական գործողությունների համար: Արդյունքում՝ Հայաստանը գտնվում է ռազմավարական շրջափակման մեջ։ Ռուսաստանն, ընդհակառակը, չնայած չունի ԱՄՆ-ի տնտեսական հզորությանն, ունի ավելի մեծ հնարավորություններ միջամտելու՝ իր երկարամյա տարածաշրջանային ներկայության շնորհիվ: Թեև Վաշինգտոնը կարող է զգույշ լինել Անկարային դիմակայելիս՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով, Ռուսաստանը չի կիսում այս սահմանափակումը : Պատմականորեն Ռուսաստանն ու Թուրքիան բազմաթիվ հակամարտություններ են ունեցել Կովկասի վերահսկողության շուրջ, և Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները շարունակում են մնալ Կրեմլի համար անհանգստության առարկա:
Բացի այդ, ՀԱՊԿ-ի դերը հնարավոր հակամարտությունում մնում է անորոշ։ Մինչ Ռուսաստանը գլխավորում է դաշինքը, ներքին տարաձայնություններ կան։ Հայաստանի ռազմավարական ուղղությունը դեպի Արևմուտք ոչ միայն նպաստում է տնտեսական դիվերսիֆիկացմանը եվրոպական և ԱՄՆ ֆինանսական աջակցության միջոցով (որը կարող է փոխարինել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը), այլև երկիրը դիրքավորում է որպես Կովկասում արևմտյան հետախուզական գործունեության պոտենցիալ բազա՝ մասնավորապես Ռուսաստանի և Իրանի նկատմամբ: Հաշվի առնելով Ադրբեջանի նախորդ ռազմական գործողությունների ժամանակ Արևմուտքի ուղղակի միջամտության բացակայությունը, թեև այն խախտում էր միջազգային իրավունքը, Երևանը կարող է ձգտել ամրապնդել իր գործընկերությունն՝ առաջարկելով ռազմավարական համագործակցություն՝ ավելի խորը անվտանգության և տնտեսական կապերի դիմաց: Մյուս կողմից, Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի խզումը, ինչպես նաև արևմտյան հետախուզական գործունեության հյուրընկալումը, որը կարող է լարել տնտեսական հարաբերությունները Իրանի հետ, կարող է հակաարդյունավետ լինել: Ադրբեջանը Հայաստանի համար ամենաանմիջական անվտանգության սպառնալիքն է, որն արդեն իր վերահսկողության տակ է վերցրել Լեռնային Ղարաբաղը և այժմ իր ուշադրությունը սևեռել է դեպի Հայաստանի հարավային շրջանները, որոնք նա անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:
ՀԱՊԿ-ի կազմում մի քանի անդամ երկրներ նույնպես պատկանում են Թյուրքական պետությունների կազմակերպությանը (OTS) , այդ թվում՝ Ղազախստանը։ Հաշվի առնելով իր ռազմավարական գործընկերությունը Բաքվի և Անկարայի հետ՝ Աստանան, ի վերջո, կարող է հրաժարվել զորքեր տրամադրել Հայաստանի պաշտպանությանն ադրբեջանական հարձակման դեպքում: Մինչ Հայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունն արևմտյան բլոկի հետ, պատմական օրինաչափությունները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ճգնաժամերին արևմտյան արձագանքները եղել են անհետևողական: Անվտանգության ամուր երաշխիքներ չապահովելը կարող է Հայաստանը խոցելի դարձնել արտաքին սպառնալիքների նկատմամբ, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:
Հայաստանի աշխարհագրական և քաղաքական մեկուսացումը սահմանափակում է նրա ռազմավարական տարբերակները ՝ բարձրացնելով ցանկացած վերադասավորումների խաղադրույքները։ Բացի այդ՝ աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխությունը մեծացնում է ռուսական հակաքայլերի հավանականությունը։ Մոսկվան կարող է տնտեսական կամ քաղաքական ճնշում գործադրել ազդեցությունը վերահաստատելու համար, հատկապես, եթե ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններն ամրապնդվեն: Ադրբեջանը կարող է նաև սրել իր տարածքային նկրտումները՝ Հայաստանի վերադասավորումը մեկնաբանելով որպես ռազմավարական խոցելիություն։ Ռազմական առճակատման հեռանկարը մնում է, իսկ ՀԱՊԿ-ի պատասխանն անորոշ է։