21 Ապր
2025
14.1° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽ-ն ՀՀ-ի՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել

ԵԽ-ն ՀՀ-ի՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել

Եվրոպայի խորհրդի Տեղեկատվության հասանելության խումբը (Access Info Group, AIG) հրապարակել է իր առաջին ելակետային գնահատման զեկույցը Հայաստանի վերաբերյալ: Զեկույցը պարունակում է համապարփակ վերլուծություն «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի օրենքի վերաբերյալ։

AIG-ը նշել է, որ թեև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ընդգրկում է պետական մարմինների լայն շրջանակ, այն պետք է հստակեցնի, որ վարչական լիազորություններ իրականացնող բոլոր սուբյեկտները և պետական մարմինների կողմից տնօրինվող բոլոր տեղեկությունները դրա կիրառման շրջանակում են։ Նշվել է, որ օրենքով նախատեսված որոշ դեպքերում, ինչպիսիք են բանկային գաղտնիքը, առողջապահական գաղտնիքը և այլն, տեղեկության տրամադրումը կարող է սահմանափակվել։ Սակայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը չի նախատեսում որևէ ժամկետ, որից հետո տեղեկատվության հասանելիության սահմանափակումներն այլևս չեն կիրառվում:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ դիմումատուն պարտավոր չէ հիմնավորել պաշտոնական փաստաթղթերից տեղեկություն ստանալու հարցումը։ Հարցում կատարողը պետք է ներկայացնի միայն իր անունն ու ազգանունը։ Այդուամենայնիվ, չնայած հայտատուի անձը հաստատող իրավական դրույթներին, գործնականում հաճախ կարելի է հարցումներ կատարել անանուն կերպով, օրինակ՝ Հայաստանի էլեկտրոնային հարցումների առցանց հարթակում։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը նախատեսում է 5 օր ժամկետ՝ գրավոր ներկայացված տեղեկատվության տրամադրման հարցումին պատասխանելու համար։ Եթե պահանջվող տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք, ժամկետը երկարաձգվում է մինչև 30 օր՝ սկսած դիմումի ներկայացման օրվանից, ինչի մասին ծանուցում է տրվում հայտատուին հարցումից հետո հինգ օրվա ընթացքում՝ նշելով հետաձգման պատճառները և այն ամսաթիվը, երբ հարցմանը կտրվի պատասխան: Բանավոր հարցումին պատասխանվում է անմիջապես կամ հնարավորինս կարճ ժամկետում։ Նշվել է, որ ժամկետը երկարաձգվում է մինչև 30 օր, երբ պահանջվում է մեծ ծավալի տեղեկատվություն կամ երբ պահանջվող տեղեկատվության մի մասը ենթակա է սահմանափակման: AIG-ն անհանգստացած է, որ դիմումի քննարկման համար 30 օրվա երկարաձգումը որոշ դեպքերում կարող է անհամատեղելի լինել Կոնվենցիայի արագ արձագանքման պահանջի հետ: Առաջարկվում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի տվյալ կետն օգտագործվի միայն բացառիկ դեպքերում:

Ռազմագերիներ