
Ֆրանսիայում Մակրոնի իմփիչմենթի կոչեր են հնչում
Ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X-ում կոչ է արել նախաձեռնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իմփիչմենթը։
Ֆիլիպոն այս հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ Մակրոնը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։
«Պատրիոտներ» կուսակցության ղեկավարը ֆրանսիական առաջնորդին անվանել է վտանգավոր։
«Պետք է արգելափակել նրա ճանապարհը, քանի դեռ ուշ չէ», – նախազգուշացրել է Ֆիլիպոն։
Օրեր առաջ Մակրոնին պաշտոնից հեռացնելու անհրաժեշտության մասին խոսել էր նաև «Վեր կաց, Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Էնյանն։ Նա հայտարարել էր, որ Մակրոնը ստեղծում է ռուսական կեղծ սպառնալիք՝ իշխանությունը պահելու և Ֆրանսիայի քաղաքացիների գրպանները «մտնելու» համար։
Մարտի սկզբին Մակրոնը հայտարարել էր, որ կսկսի քննարկումներ դաշնակիցների հետ՝ եվրոպական երկրներին Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի պաշտպանության ներքո վերցնելու հնարավորության վերաբերյալ՝ ըստ Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցի առաջարկի։ Նա հավելել էր, որ Ֆրանսիայի միջուկային զենքը «1964 թվականից պահպանել է խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում»։