07 Ապր
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի հռետորաբանությունը ԵՄ-ին անդամակցելու մասին գուցե քողարկում է երկրի արտաքին քաղաքականության իրական վերակողմնորոշումը․ URA.ru

ՀՀ-ի հռետորաբանությունը ԵՄ-ին անդամակցելու մասին գուցե քողարկում է երկրի արտաքին քաղաքականության իրական վերակողմնորոշումը․ URA.ru

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին հավանություն է տվել օրենքին, որով մեկնարկում է Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը։ 

Ռուսաստանում կարծում են, որ այս որոշումը կարող է լինել ռազմավարական ծրագրի մաս, որի նպատակն է թաքցնել իրական փոփոխությունները երկրի արտաքին քաղաքականության ուղղությամբ. գրել է URA.ru լրատվական գործակալությունը։

Ինչպես նշվել է, Հայաստանը Եվրամիության հետ մերձեցման կուրս է սահմանել՝ չնայած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն։ Սա ռազմավարական քայլ է, որը թելադրված է ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին գործոններով։ Լեռնային Ղարաբաղում կրած ցավալի պարտությունից և Ադրբեջանի հետ շարունակվող լարվածությունից հետո Երևանը փնտրում է նոր դաշնակիցներ և անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։ 

Եվրոպական վեկտորը Հայաստանին հնարավորություն է տալիս ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում և մուտք ունենալ դեպի զարգացման նոր ռեսուրսներ։

Երկրի քաղաքական ղեկավարությունը եվրաինտեգրումը դիտարկում է ոչ միայն որպես արտաքին քաղաքական նախագիծ, այլ նաև՝ ներքին օրակարգի կարևոր տարր։ Անգամ բանակցությունների մեկնարկը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար՝ առանց վիզայի ռեժիմի հեռանկարից մինչև եվրոպական ներդրումների ներգրավում։ 

Միաժամանակ, Հայաստանը փորձում է չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ, որը մնում է կարևոր տնտեսական գործընկեր։

Հայաստանի ակտիվ հռետորաբանությունը Եվրամիությանն անդամակցելու մասին կարող է մարտավարական մանևր դառնալ, որը կոչված է քողարկել երկրի արտաքին քաղաքականության իրական վերակողմնորոշումը, կարծում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։ 

Եվրաինտեգրման մասին ամպագոռգոռ հայտարարությունների հետևում կարելի է տեսնել իշխանությունների հետևողական կուրսը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է թյուրքալեզու հարևանների հետ փոխգործակցության ռազմավարական նշանակությունը՝ այն անվանելով Հայաստանի ապագայի բանալին։

«Այնուամենայնիվ, Երևանի իրական նպատակը կարող է կայանալ ոչ այնքան եվրոպական հեռանկարում, որքան Անկարայի և Բաքվի հետ փոխգործակցության միջոցով տնտեսական և աշխարհաքաղաքական նոր հնարավորությունների որոնման մեջ: Ապագայում դա կարող է արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում», – գրել է գործակալությունը։

Ռազմագերիներ