16 Ապր
2025
13.3° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածությունը շոշափելի է, իսկ խաղաղության շուրջ համաձայնագրի ստորագրումը` հեռու․ Le Monde

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածությունը շոշափելի է, իսկ խաղաղության շուրջ համաձայնագրի ստորագրումը` հեռու․ Le Monde

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնագրի նախագծի մասին մարտի 13-ի պատմական հայտարարությունից մեկ ամիս անց դրա ստորագրումը դեռ հեռու է թվում։ Ստորագրման համար ժամկետ չի նշվել, իսկ Բաքուն այդ ընթացքում նոր նախապայմաններ է ներկայացրել։ Հայաստանը, սակայն, հույս ունի համոզել իր հարևանին արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը. գրել է Le Monde-ն։

Ինչպես նշվել է, համաձայնագրի հայտարարությունը ոգևորությամբ է ընդունվել Վաշինգտոնի, Բրյուսելի և մի քանի եվրոպացի առաջնորդների, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։

Պարբերականը հիշեցրել է, որ նախքան ստորագրելն՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոփոխել իր Սահմանադրությունը։ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել վերանայել Սահմանադրությունը, սակայն նման փոփոխությունը պահանջում է Հայաստանում հանրաքվե անցկացնել, ինչը կարող է էլ ավելի հետաձգել համաձայնագրի վերջնականացումը։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն դատապարտել է ադրբեջանական պահանջը՝ նշելով․ «Այս նոր նախապայմանն անընդունելի է և ձգձգում է ստորագրումը, մինչդեռ դիվանագիտական գործընթացը մեծ առաջընթաց է գրանցել երկու կողմերի համաձայնությամբ»։

Նախքան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև պահանջում է լուծարել Մինսկի խումբը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Այն ստեղծվել է 1990-ականների սկզբին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական լուծում գտնելու նպատակով:

«Հայաստանը, մանևրելու շատ սահմանափակ հնարավորություններով, նախապայմաններ չունի։ Առանձին քննարկման առարկա է Բաքվի և Երևանի միջև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վեճը, որը պահանջում էր Ալիևը և նպատակ ունի կապել Ադրբեջանը իր Նախիջևանի էքսկլավին և Թուրքիային», – գրել է պարբերականը։

Հիշեցվել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Բաքուն կայծակնային հարձակման ժամանակ բռնի ուժով լիովին վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ արտաքսելով այնտեղ բնակվող մոտ 100.000 հայերին։

Ինչպես նկատել է Le Monde-ն, գետնի վրա լարվածությունը մնում է շոշափելի: Ադրբեջանը պարբերաբար մեղադրում է Հայաստանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, իսկ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքում է խախտման մասին նոր պնդումները։

 

Ռազմագերիներ