19 Ապր
2025
11.1° c ԵՐԵՎԱՆ
-1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանը ՌԴ-ին դուրս է մղում զենքի շուկայից, իսկ հաջողության առաջին օրինակներից մեկը ՀՀ-ն է․ Reuters

Հնդկաստանը ՌԴ-ին դուրս է մղում զենքի շուկայից, իսկ հաջողության առաջին օրինակներից մեկը ՀՀ-ն է․ Reuters

Հնդկաստանը Ռուսաստանին դուրս է մղում զենքի շուկայից և արդեն իսկ խաթարել է նախկին Խորհրդային Միության կազմում եղած Հայաստանին զինելու Ռուսաստանի մենաշնորհը. գրել է Reutersը։

Ինչպես նշվել է, Հնդկաստանի հաջողության առաջին օրինակներից մեկը Հայաստանն է, որտեղ անցյալ տարի Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է ուղարկել։

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ Հնդկաստանը 2022-2024 թվականներին վաճառել է Հայաստանի զենքի ներմուծման 43 տոկոսը՝ 2016-ից 2018 թվականներին գրեթե զրոյի համեմատ։

Վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Հնդկաստանը համաշխարհային գործարանի վերածելու ձգտումն արդեն հանգեցրել է էժան iPhone-ների և միլիարդ դոլար արժողությամբ դեղագործական արտադրանքի արտադրությանը: Այժմ նա հույս ունի հրթիռներ, ուղղաթիռներ և ռազմանավեր ավելացնել օտարերկրյա կառավարությունների զամբյուղներում։

Նյու Դելին նաև կտրուկ կավելացնի իր արտասահմանյան առաքելություններում ռազմական կցորդների թիվը նոր ծրագրի շրջանակներում, որը կառավարությանն ուղղակիորեն կներգրավի զենքի որոշ գործարքների շուրջ բանակցություններում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով հնդիկ չորս պաշտոնյաների:

Հնդկաստանը հատկապես թիրախավորում է այն կառավարությունները, որոնք երկար ժամանակ ապավինել են Ռուսաստանից զենքի մատակարարմանը, հայտնել են երկու աղբյուրներ: Հնդկաստանի ծրագրերն ընդգծում են օտարերկրյա գնորդներին ներգրավելու և ֆինանսավորելու կառավարության աննախադեպ ջանքերը, երբ աշխարհը վերազինվում է և երկարամյա աշխարհաքաղաքական հարաբերությունները վերադասավորվում են:

Ըստ հնդիկ պաշտոնյայի՝ Հնդկաստանի համար բեկումնային պահը եղել է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Reuters-ի հետ զրույցում նա նշել է, որ ուկրաինական պատերազմը ստիպել է այլ երկրներին, որոնք պատմականորեն ապավինել են Վաշինգտոնին և Մոսկվային՝ աշխարհի երկու խոշորագույն զենք արտահանողներին, այլընտրանքներ փնտրելու: Համաձայն երկրի կառավարության տվյալների՝ Հնդկաստանը 2023-24 ֆինանսական տարում արտադրել է 14,8 միլիարդ դոլարի սպառազինություն, ինչը 62 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատ։

Դելին իր զենքի արտահանման ռազմավարությունը կենտրոնացրել է Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրների վրա: Հնդկաստանը նախատեսում է մինչև 2026 թվականի մարտը օտարերկրյա դեսպանատներում առնվազն 20 նոր պաշտպանական կցորդներ ուղարկել Ալժիրը, Մարոկկո, Գայանա, Տանզանիա, Արգենտինա, Եթովպիա և Կամբոջա։ Պաշտոնյաները նշել են, որ կցորդներին հանձնարարվել է խթանել հնդկական զենքի վաճառքը։

Ռազմագերիներ