
Սկանդալը շարունակվում է․ ԱՄՆ ՊՆ ղեկավարը ռազմական ծրագրերով Signal-ում կիսվել է նաև կնոջ և եղբոր հետ
ԱՄՆ ՊՆ նախարարի շուրջ մարտյան սկանդալը շարունակություն է ստացել։ The New York Times-ը և CNN-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կիսվել է հուսիներին հարվածելու պլաններով մեկ այլ Signal զրույցի ընթացքում, որում ներառված են եղել նրա կինը, եղբայրը և փաստաբանը:
Ըստ New York Times-ի՝ Փիթ Հեգսեթը մարտի 15-ին Signal-ի մասնավոր զրույցի ժամանակ կիսվել է Եմենում սպասվող հարվածների մանրամասներով:
Չաթի մասին լրագրողներին պատմել են չորս հոգի։ Նրանցից ոմանք նշել են, որ տեղեկատվությունը ներառում է F/A-18 Hornets-ի թռիչքների ժամանակացույցը՝ Եմենում հութի ապստամբներին հարվածելու համար: Ըստ NYT-ի՝ չաթում ներառված են եղել Հեգսեթի կինը՝ Ջենիֆեր Ռոշը, ինչպես նաև եղբայրը՝ Ֆիլը, և փաստաբան Թիմ Փարլատորը:
Թեև Ֆիլ Հեգսեթը և Թիմ Փարլատորը աշխատում են Պենտագոնի համար, նրանք ոչ մի կապ չունեն Եմենի հուսիների դեմ ԱՄՆ գործողությունների հետ:
Ջենիֆեր Ռոշն, իր հերթին, որևէ առնչություն չունի ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում աշխատանքի հետ։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Հեգսեթը իր կնոջը տարել է օտարերկրյա ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների, որտեղ քննարկվել են գաղտնի տեղեկություններ։ Մասնավորապես, նա ներկա է եղել մարտի սկզբին Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության ղեկավարի հետ բանակցություններին, երբ կողմերը քննարկել են Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը դադարեցնելու ԱՄՆ որոշումը։
Signal-ի խումբը ստացել է «Պաշտպանություն/թիմ» անվանումը, հայտնել են CNN-ի աղբյուրները։ Դրանում Հեգսեթը և նրա մերձավոր շրջապատը՝ ավելի քան տասը հոգի, քննարկել են այս ընթացակարգի հետ կապված ամեն ինչ։
Հայտնի է, որ խմբում ընդգրկված են եղել նաև Հեգսեթի երկու ավագ խորհրդականները՝ Դեն Քալդվելը և Դարին Սելնիկը։ Ապրիլի 15-ին նրանք մեղադրվել են չարտոնված տեղեկությունների արտահոսքի մեջ և ազատվել աշխատանքից։ Ավելի ուշ պաշտոնյաները պնդել են, որ իրենց «զրպարտել են»:
The New York Times-ը դիմել է Թրամփի վարչակազմին՝ իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար: Ամերիկացի պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ ազգային անվտանգության խախտում չի եղել։
Signal չաթի շուրջ առաջին սկանդալը բռնկվել է մարտին այն բանից հետո, երբ Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ընդգրկվել է չաթում, որտեղ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Եմենում հուսիների դեմ գործողության մանրամասները, որոնք սկսվել էին մարտի 15-ին: