08 Մայ
2025
15.1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերցը թուլացել է առաջին օրվանից․ Եվրոպան կվճարի դրա գինը․ Politico

Մերցը թուլացել է առաջին օրվանից․ Եվրոպան կվճարի դրա գինը․ Politico

Մայիսի 6-ը պետք է լիներ այն օրը, որը պետք է տար Գերմանիային նոր ուժեղ կառավարություն և «վերականգներ Եվրոպայի շքեղությունը»։ Դրա փոխարեն Բունդեսթագի անդամները Ֆրիդրիխ Մերցին նվաստացրել են աննախադեպ վիրավորանքով՝ հրաժարվելով նրան պաշտոնում հաստատել նույնիսկ կոալիցիոն համաձայնագրի կնքումից հետո։ Դա վերջին բանն էր, որ անհրաժեշտ էր Եվրամիության կենտրոնամետներին․ գրել է Politico-ն։

Մերցն, ի վերջո, քվեարկության երկրորդ փուլում բավարար ձայներ է հավաքել կանցլեր դառնալու համար։ Սակայն, ինչպես նշել է փորձագետ Կատյա Հոյերը, «քաղաքական վնասը հասցված է»։ «Սա վստահ, կայուն կառավարության սկիզբը չէ, այլ այն նշան է, թե որքան խորն են գերմանական կենտրոնական դաշտի ճեղքերը», – կարծում է փորձագետը։

Ըստ Politico-ի՝ վերջին երեք տարիների ընթացքում Գերմանիան դժկամությամբ է կատարել իր ավանդական եվրոպական առաջնորդական դերը, եթե չասել, որ ընդհանրապես խուսափել է դրանից։

Մերցի նախորդը՝ Օլաֆ Շոլցը, գլխավորելով եռակողմ կոալիցիայի անկայուն կառուցվածքը, քիչ հնարավորություն ուներ մեծ քայլեր անելու և, ի վերջո, չկարողացավ կանխել իր կառավարության փլուզումը։ Գերմանիայի քաղաքականությունն այժմ խորապես բաժանված է։ Առանց ներքին «միասնության»՝ Մերցը դժվարություններ կունենա իրականացնելու այն փոփոխությունները, որոնք, նրա խոսքով, անհրաժեշտ են Եվրոպային՝ սկսած պաշտպանական ծախսերի աճից մինչև այնպիսի քաղաքականություններ, որոնք կարող են մեկուսացնել գերմանական արտադրությունը Թրամփի մաքսատուրքերից և Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերներից։

Փետրվարյան ընտրություններում ծայրահեղ աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցությունը 21 տոկոս ձայներով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Մերցի քրիստոնյա դեմոկրատներից հետո և սոցիալ դեմոկրատներից առաջ անցնելով։ Այն սպառնալիք է նոր կառավարության համար, քանի որ միգրացիան շարունակում է գերիշխել քաղաքական բանավեճում։ Գերմանիայի տնտեսությունը նույնպես մեռնող է, իսկ ավանդական արդյունաբերությունը անկում է ապրում։

Մերցի կոալիցիայի առջև ծառացած այս կառուցվածքային մարտահրավերները բնութագրում են քաղաքական կենտրոնի այն հատվածը, որը կորցնում է իր ազդեցությունն ամբողջ Եվրոպայում: Նույնը կարելի է ասել , օրինակ,  Մեծ Բրիտանիայի կամ, ավելի կարևորը՝ ԵՄ-ի համար, Ֆրանսիայի մասին:

«Այսօր ամբողջ Եվրոպան նայում էր Բեռլինին՝ հույս ունենալով, որ Գերմանիան կվերահաստատվի որպես կայունության խարիսխ և եվրոպամետ տերություն։ Այդ հույսը խափանվել է։ Հետևանքները մեր սահմաններից շատ ավելի հեռու են», – հայտարարել է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի Բեռլինի գրասենյակի ղեկավար Յանա Պուգլերինը։

Ռազմագերիներ