
77-ամյա Ժերար Դեպարդիեն դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման՝ սեռական ոտնձգության համար
Փարիզի դատարանը ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ժերար Դեպարդիեին մեղավոր է ճանաչել 2021 թվականին նկարահանման հրապարակում ոտնձգությունների համար։ Դերասանը դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման․ հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Դատարանը բավարարել է երկու հայցվորների՝ 54-ամյա բեմանկարիչ Ամելիի և 34-ամյա ռեժիսորի օգնական Սառայի բողոքները։ Կինոստուդիայի երկու աշխատակիցներն էլ պնդում են, որ «Կանաչ փեղկեր» (Les volets verts, 2022) ֆիլմի նկարահանումների ժամանակ Դեպարդիեն անպարկեշտ կատակներ է արել և ձեռքերին ազատություն է տվել։
Դատարանը նաև հրամայել է դերասանին ներառել սեռական հանցագործություններ կատարած անձանց տվյալների բազայում և նրան երկու տարով զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Չնայած դատավորները չեն բավարարել մեղադրողի պահանջը՝ բարոյական վնասի համար 20,000 եվրո փոխհատուցում նշանակելու և դերասանին պարտադիր հոգեբանական բուժման ուղարկելու վերաբերյալ, նրանք պահանջել են, որ պատասխանողը տուժողներին վճարի համապատասխանաբար 1000 և 2000 եվրո փոխհատուցում՝ հայցվորների «կրկնակի տառապանքների» համար։ Դատավորների կոլեգիայի նախագահի խոսքով՝ դերասանի փաստաբան Ջերեմի Ասսուն լսումների ժամանակ չափազանց մեծ ճնշում է գործադրել հայցվորների վրա և դիմել է նրանց հասցեին «նվաստացուցիչ» հայտարարությունների։
Դերասանը ներկա չի եղել դատավճռի հրապարակման ժամանակ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նա զբաղված է Ֆանի Արդանի ֆիլմի նկարահանումներով, որի գործողությունները տեղի են ունենում Պորտուգալիայում։