
Ռուսական պատվիրակության կազմը դեռ անհայտ է, իսկ Թրամփը չի բացառում իր մասնակցությունն ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին
Կրեմլը դեռևս չի բացահայտել, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններում։ Սակայն ռուսական պատվիրակությունը անպայման այնտեղ կլինի մայիսի 14-ին և կսպասի Կիևի ներկայացուցիչներին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 11-ի գիշերային հայտարարության մեջ ասված ամեն ինչ մնում է արդիական։
Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ВГТРК) լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ ռուսական կողմը Ստամբուլում մտադիր է քննարկել ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական հարցեր, և դրա հիման վրա՝ կորոշվի պատվիրակության կազմը։
Նա չի մանրամասնել, թե արդյո՞ք ինքը կլինի Ստամբուլում կայանալիք բանակցություններին ռուսական պատվիրակության կազմում, սակայն նշել է, որ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և թուրքական իշխանությունները կազմակերպում են Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունների վայրը։
Ուշակովը չի մեկնաբանել Թրամփի և Զելենսկու՝ մայիսի 15-ին Ստամբուլում հայտնվելու հնարավորության մասին հայտարարությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, չի բացառել, որ մայիսի 15-ին կմեկնի Ստամբուլ՝ հաստատված ժամանակացույցից դուրս՝ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու համար։
«Սա պատերազմը դադարեցնելու հնարավորություն է։ Ես կմտածեմ դրա մասին (խմբ․ Թուրքիա այցելելու)։ Մեր օրակարգը վաղն ամբողջովին զբաղված է, հասկանու՞մ եք։ Բայց ես պատրաստ եմ (փոխել ժամանակացույցը)՝ կյանքեր փրկելու համար», – հայտարարել է նա լրագրողներին նախագահական ինքնաթիռում։