
Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի, Փաշինյանի և ՌԴ-ի մասին. Երկրորդ նախագահի հարցազրույցը՝ կետերով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցի, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- 2018-ի ապրիլին ես զանգել եմ երրորդ նախագահին, հարցրել՝ ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, որովհետև սա ձնագնդի պես աճում է, խնդիր է դառնալու, վերահսկողությունը կորցնելու եք: Սերժ Սարգսյանը շատ հանգիստ ասաց, որ խնդիր չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել։
- 2020-ին Ռուսաստանը կարող էր ասել՝ Հայաստանի իշխանությունը հիմարություններ է անում, բայց քանի որ հայ ժողովուրդը մեզ բարեկամ ժողովուրդ է, եկեք էդ հիմարություններին չնայենք, ինչ-որ բան անենք։ Մենք սա էինք ակնկալում Ռուսաստանից։ Միջպետական հարաբերություները, սակայն, էդպես չեն աշխատում:
- Նիկոլ Փաշինյանը խաղաղության հետ որևէ առնչություն չունի։ Ալբանիայում հանդիպման կադրերն ուղղակի խայտառակություն էին։ Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք էր` կուչ եկած:
- Դուք վստա՞հ եք, որ Փաշինյանը դեմ է իմպիչմենտի գործընթացին: Ես վստահ չեմ: Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս ամենի մեջ՝ հստակ չպատկերացնելով՝ ինչ են անում: Չեմ լսել անգամ մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական համարի: Ես պրագմատիկ մարդ եմ, մտնել գործընթացի մեջ, որը 0-ի ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ իսկապես հետաքրքիր չէ: Բայց գուցե կա մարդ, ում համար 48 ժամ վարչապետ դառնալը կյանքի երազանք է: