
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը․ «Հետք»
Երեկ՝ 2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել․ գրում է «Հետք»-ը։
Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2025թ. հունվարի 23-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևան քաղաքի ավագանու՝ Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24.12.2024 թվականի թիվ 265-Ն որոշման Հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների համապատասխանությունը՝ դրանք ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշենք, որ ավագանու որոշման այս կետերով կարգավորվում են վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» դրույքաչափերը:
Հիշեցնենք, որ մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ:
Ավագանու ընդդիմադիր խմբակցության դիրքորոշումն այն է, որ բարձրացնելով կոնկրետ փողոցներում տեղական տուրքը՝ պատասխանող վարչական մարմինը չի սահմանել ու չի բացահայտել, թե որն է այն լեգիտիմ նպատակը, որով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն կոնկրետ փողոցներում բարձրացնել ավտոկայանատեղերի վճարը: Բացի այդ, առնվազն նորմատիվ-իրավական ակտի մակարդակում չի կանխորոշել այն օրենքով սահմանված նպատակը, որը հետապնդում է փողոցներում այդչափ բարձր տեղական տուրքերի սահմանումը:
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները կարծում են, որ եթե ավտոկայանատեղերի տեղական տուրքի թանկացումը դիտարկվում է բացառապես որպես Երևան քաղաքը խցանումներից ազատելու միջոց, ապա դա ինքնին լեգիտիմ նպատակ չէ, և նման իրավասությամբ տեղական ինքնակառավարման մարմինն օժտված չէ: Ճանապարհային երթևեկության ավտանգության, այդ թվում՝ խցանումներից ճանապարհը ազատելու իրավասություններով օժտված են Ներքին գործերի նախարարության պարեկային և ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։