13 Հնս
2025
28.4° c ԵՐԵՎԱՆ
21.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տաճարից մինչև չուլան․ ՀՀ իշխանությունները կարող են ցանկանալ որոշակի բողոքի ցույցեր հրահրել հիմա․ որպեսզի ընտրությունների օրը դրանք արդեն մարած լինեն․ Известия

Տաճարից մինչև չուլան․ ՀՀ իշխանությունները կարող են ցանկանալ որոշակի բողոքի ցույցեր հրահրել հիմա․ որպեսզի ընտրությունների օրը դրանք արդեն մարած լինեն․ Известия

Հայաստանի իշխանություններն աննախադեպ հարձակում են սկսել հոգևորականության վրա. գրել է Известия-ն։

Ինչպես նշվել է, արշավը սկսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է, որ եկեղեցիներն օգտագործվում են որպես «չուլաններ»։ ՀՀ վարչապետին սկանդալային աջակցություն են ցուցաբերել նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները։ Նրա քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարել է, թե «երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են»։ Սակայն հոգևոր առաջնորդները բոլոր հարձակումներին զուսպ են արձագանքել։ Կաթողիկոսի ներկայացուցիչ Արշակ Խաչատրյանն հայտարարել է, որ եկեղեցին չի իջնի նման լեքսիկոնի։

Հայկական ընդդիմության ներկայացուցիչներ աջակցել են Հայ Առաքելական եկեղեցուն։ Թեմայի շուրջ խոսել են նաև բազմաթիվ իրավաբաններ, ովքեր հայտարարել են, որ Փաշինյանը ցանկանում է վերահսկել անկախ եկեղեցական կառույցը:

Ըստ հոդվածի՝ ներկայիս հակամարտության համար կան մի քանի պատճառներ: Մի կողմից՝ Հայ եկեղեցին, ըստ էության, մնում է միակ պետական ինստիտուտը, որն անկախ է Փաշինյանից և նրա թիմից: Ավելին՝ կրոնական կառույցը բազմիցս արտահայտվել է հայրենասիրական դիրքերից՝ դառնալով բողոքի տրամադրությունների հենարան: Անցյալ գարնանը ՀԱԵ-ի հոգևորականներն էին, որ դեմ արտահայտվեցին Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատմանը: Ինչպես նշվել է այն ժամանակ տարածված հայտարարությունում, սահմանազատումը նոր սպառնալիքներ է ստեղծում հայ ժողովրդի համար, և հոգևորականները չեն կարող անտարբեր մնալ այս պայմաններում:

Անցյալ տարի բողոքի շարժումը, ի վերջո, մարեց, բայց Հայ եկեղեցու սկզբունքային դիրքորոշումը չի վերացել, իսկ ՀԱԵ-ի և պաշտոնական Երևանի միջև հակասությունները միայն աճում են: Փաշինյանի թիմն անընդհատ խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության ցանկության մասին, բայց կրոնական գործիչները չեն մոռանում Ղարաբաղի մասին: Մայիսի վերջին Շվեյցարիայում Գարեգին II-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջազգային համաժողով, որտեղ քննարկվել են կորուսյալ տարածաշրջանում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Կաթողիկոսն ինքը միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի է ունեցել ցեղասպանության և էթնիկ զտման ակտ, որի արդյունքում՝ տարածաշրջանը օկուպացվել է, իսկ բնիկ բնակչությունը՝ վտարվել: Այս ամենը բացարձակապես անհավանական թեզեր են ներկայիս Հայաստանի ղեկավարության համար, քանի որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի ներկայացուցիչներն ամբողջ ուժով փորձում են հաշտվել Բաքվի հետ:

Դրա համար նրանք պատրաստ են գնալ տարբեր զիջումների, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության։

Բացի այդ՝ մոտ մեկ տարի անց Հայաստանում պետք է անցկացվեն ամենակարևոր խորհրդարանական ընտրությունները, և իշխող կուսակցությունը նախընտրական քարոզարշավին մոտենում է դժվարին իրավիճակում: Այս գարնանը իշխող կուսակցության ներկայացուցիչները կորցրել են միանգամից երկու կարևոր պաշտոն՝ պարտվելով Շիրակի և Փարաքարի քաղաքապետի ընտրություններում: Հարցումները ցույց են տալիս, որ նույն արդյունքը կարող է լինել նաև համահայկական մակարդակում: Հետազոտությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը կազմում է ընդամենը 11%։

«Միևնույն ժամանակ՝ եկեղեցին մեծ վստահություն է վայելում բնակչության շրջանում։ Հնարավոր է, որ այն աջակցի իշխող կուսակցության հակառակորդներին՝ այդպիսով մեծացնելով նրանց հաղթանակի հնարավորությունները։ Հնարավոր է՝ նման սցենարը կանխելու համար սկսվել է հոգևորականությանը վարկաբեկելու արշավ։ Բացի այդ՝ իշխանությունները կարող են ցանկանալ հիմա որոշակի բողոքի ցույցեր հրահրել, որպեսզի ընտրությունների օրը դրանք արդեն մարած լինեն։ Վերջապես, Հայաստանի ներկայիս իշխանությունները շատ բան են անում հայ ազգային ինքնությունը վերաձևակերպելու համար։ Երևանը կարծում է, որ դա կօգնի բարելավել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հայտնի է, որ փոփոխություններ են կատարվել դպրոցական պատմության դասագրքերում, քննարկվում է պետական խորհրդանիշների, այդ թվում՝ զինանշանի և օրհներգի փոփոխությունը, և Հայոց ցեղասպանության թեման այլևս չի համարվում արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Հնարավոր է, որ նրանք այժմ որոշել են քանդել Հայ ազգային եկեղեցին», – ընդգծել է կայքը։

Ռազմագերիներ