
Առաջիկայում սպասվող դժբախտությունների, վտանգավոր զարգացումների համար Փաշինյանը ուզում է եկեղեցուն մեղադրել․ ABCmedia-ն զրուցել է Արամ Մանուկյանի հետ
Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավը ձախողված է և չի ստացվելու. ABC media-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ փախնախագահ Արամ Մանուկյանը։ Հարյուրավոր խնդիրների մեջ հայտնված երկրի համար եկեղեցու վրա հարձակումը անթույլատրելի է համարում քաղաքական գործիչը։ Փաշինյանի պայքարը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցու դեմ անթույլատրելի է և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ բարոյական առումներով։
«Ոչ միայն օրենքը թույլ չի տալիս նման գործողություններ անել, այլև ուղղակի հնարավոր չէ։ Կաթողիկոսի ընտրությունը բավականաչափ բարդ է․ երեք փուլով է իրականացվում և մասնակցում են շուրջ 300 պատվիրակներ։ Նրանք պետք է մասնակցեն քննարկումներին ու քվեարկեն առաջադրված երեք թեկնածուներին։ Բայց այստեղ շատ նուրբ խնդիր կա, որը Նիկոլին թույլ չի տալիս բացարձակապես մոտենալ Կաթողիկոս ընտրելու գործընթացին։ Սուրբ Էջմիածինն ունի 39 թեմ, Հայաստանում գործում է միայն 13 թեմ՝ Արցախինը ներառյալ, մնացածը գործում է Հայաստանի սահմաններից դուրս։ Կաթողիկոսը հայաստանյան կաթողիկոս չէ, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Եվ այստեղ ուշադրություն․ նրա ընտրությանը մասնակցող պատվիրակների թեմերը ավելի շատ դրսում են, քան ՀՀ-ում։ Եթե Փաշինյանը, այսպես կոչված, ուզում է «դրական» փոփոխություններ կատարել, դա կարող է անել միայն ՀՀ-ի ներսում, դրանից դուրս նա ընդհանրապես, բացարձակապես իրավասություններ չունի։ Նա կանադահայ, արգենտինահայ թեմերին ո՛չ կարող է հրահանգել, ո՛չ կարգադրել։ Ստացվում է՝ Հայաստանում գործող թեմերը 1/3 մասն են կազմում, դու ինչպե՞ս ես համարձակվում նրանց բոլորին ստիպել կաթողիկոսին կարգալույծ անելու»,- ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի՝ Կաթողիկոսին կարգալույծ անելու գործընթացը հնարավոր չէ հաջողել ոչ մի կերպ։
«Ձախողված լինելուց բացի՝ Փաշինյանի քայլերը համախմբեց մարդկանց Կաթողիկոսի շուրջ։ Այսինքն՝ հակառակ էֆեկտն ունեցավ։ Կաթողիկոսը երբևէ չի տեսել, որ հարյուրավոր քաղաքացիներ գնան օդակայան ու դիմավորեն իրեն։ Ժողովուրդը, համայնքը, հոտն ու եկեղեցիները գումարվեցին, այսինքն՝ ինքն ավելի ուժեղացրեց Կաթողիկոսին ու իր թիմին»,- նշել է Արամ Մանուկյանը։
Խոսելով Փաշինյանի՝ Հանձնաժողով ստեղծելու մասին՝ ՀԱԿ փոխնախագահն ասել է, որ անգամ այդ հանձնաժողովը ստեղծելու լիազորություն չունի։ Դա Սահմանադրության և օրենքի կոպիտ խախտում է։ Նրան կարող են դատի տալ՝ լիազորությունները վերազանցելու հոդվածով։
«Մենք դեռ տասնամյակներ շարունակ փորձում էինք միավորել Անթիլիասն ու Էջմիածինը՝ կարծելով՝ հայերին սազական, հարմար չէ ունենալ երկու կաթողիկոսարան։ Նրանց միավորվելը ճիշտ կլիներ, բայց չիրականացավ այն»,- հիշեցրեց Մանուկյանը։
Նրա կարծիքով՝ եկեղեցիները բաժանելը թշնամու գործն է և եթե նման մտադրություն ունի, ապա այն միայն ու միայն վնասելու է Հայաստանին, հայ ժողովրդին, հայ եկեղեցուն։ Այս քայլերը Փաշինյանն անում է՝ հասարակությանը միմյանց դեմ հանելու համար, որից հետո նա հնարավորություն է ստանում մեղադրել այդ հասարակությանը տարբեր հարցերում ձախողելուց հետո։ Մանուկյանի խոսքով՝ առաջիկայում սպասվող դժբախտությունների, վտանգավոր զարգացումների համար էլ ուզում է եկեղեցուն մեղադրել։