
Առաջարկել եմ պարգևատրել ու պետական պարգևի արժանացնել «հեղաշրջման փորձը» կանխողներին. Նիկոլ Փաշինյանի ելույթի առանցքային կետերը
- Այսօր խոսել եմ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, առաջարկել եմ Դատախազության, ՆԳՆ ոստիկանության, ՔԿ առավել ակտիվ անդամներին պարգևատրել «հեղաշրջման փորձը» կանխելու համար, նաև՝ պետական պարգևի արժանացնել նրանց։
- Կա մի խումբ, որ երեկ կանխված «հեղաշրջման փորձը» համեմատում է 1997 թվականի հոկտեմբերի 27-ի հետ։ Մի խումբ էլ կա, որ հարցադրում է կատարել՝ 1997 թվականին մեր իրավապահ մարմինները արդյոք չե՞ն կարողացել կանխել այդ փորձը։ Հարցադրմանը շուտով մեր իրավապահ համակարգը կարձագանքի։
- Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է մայիսին։ Պատճառը ինքնավար կայանների արտադրած էլեկտրաէներգիան է։ Վերականգնվող արևային էներգիայի շնորհիվ ատոմային 2 հզորությամբ մենք արևային հզորություններ ենք գեներացրել։ Սա համարում եմ լուրջ ձեռքբերում։ Չնկատելով՝ երկու ատոմակայան ենք ստացել և հարց է՝ այդ ատոմակայանները ո՞նց կառավարել։
- Մայիսին տնտեսական լավ ցուցանիշներ ենք արձանագրել։ Բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների ձևակերպումների շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում։ Այստեղ նաև գործարարների դերն է կարևոր։ Նախորդ տարվա մայիսի նկատմամբ 10,4% տնտեսական աճ է գրանցվել։ Բացի այդ՝ աշխատատեղերի գրանցման բացառիկ աճ ենք գրանցել։