
Քիչ հավանական է, որ Փաշինյանի կառավարությանն այս պահին ինչ-որ բան սպառնա՝ չնայած բոլոր բողոքներին․ Росбалт
Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բավականին անսովոր են հետխորհրդային տարածքի համար։ Կառավարության և ընդդիմության միջև բախումը, որը հանգեցնում է փողոցային բողոքի ցույցերի և ապա ձերբակալությունների, զարմանալի չէ, բայց Երևանում բողոքի ցույցերը գլխավորել են եկեղեցական հոգևորականները, այլ ոչ թե՝ քաղաքական գործիչները։ Կառավարությունը պատասխանել է ձերբակալություններով և անվտանգության ուժերի կողմից Էջմիածին՝ կաթողիկոսի նստավայր, այցելությամբ. այս մասին գրել է Росбалт-ը։
Ինչպես նշվել է, երկու իրադարձություն փոխեց հայկական քաղաքականությունը։ Նախ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացումը։ Դադարեցվեց ռազմատեխնիկական համագործակցությունն, այսինքն՝ Հայաստանին զենքի մատակարարումը, որը նրան անհրաժեշտ էր Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու համար։ Երկրորդ՝ Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում հենց Ղարաբաղի կորուստը։
Կայքն ընդգծել է, որ Ղարաբաղում պարտությունից հետո Փաշինյանն ընտրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վեկտորը և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը (չնայած հայոց ցեղասպանության բոլոր դժվար հիշողություններին), ինչպես նաև՝ եվրոպական ինտեգրացիան՝ Ռուսաստանի վրա կենտրոնանալու փոխարեն: Այս ամենի հետևանքը ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության փաստացի կասեցումն էր և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության սկիզբը։
Հայ հասարակության մեկ այլ առանձնահատկություն ուժեղ սփյուռքն է։ Օրինակ՝ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան՝ Հայաստանում։ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայկական սփյուռքը նույնպես ավանդաբար ուժեղ է։
Իրականում, Հայաստանում չկային աշխարհիկ ընդդիմադիր առաջնորդներ, որոնք կարող էին մարտահրավեր նետել գործող կառավարությանը, չնայած այն հանգամանքին, որ այն կուտակել էր բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ոչ միայն քաղաքականությանը և տնտեսությանը, այլև ՝ ազգային ինքնությանը։ Ահա թե ինչու էին Առաքելական եկեղեցու հոգևորականները գլխավորում քաղաքական բողոքի ցույցերը։ Ինչպես նշվել է, եկեղեցու դերը Հայաստանի հասարակական կյանքում զգալիորեն ավելի բարձր է, քան, օրինակ, Ռուսաստանում կամ Բելառուսում։
Մոտ հինգ տարի ոչ մի աշխարհիկ քաղաքական գործիչ չէր կարող ստանձնել ընդդիմության ղեկավարությունը: Այս ամենը ստեղծեց քաղաքական վակուում, չնայած դա հատուկ սպառնալիք չէր ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար: Բայց հետո ընդդիմադիր ակտիվիստների շրջանում Փաշինյանին սկսեցին անվանել «թուրք»:
Իր ելույթներից մեկում Փաշինյանն Առաքելական եկեղեցու տաճարներն անվանել է «աղբով լի չուլան» և խոստացել ձեռնամուխ լինել կրոնական ոլորտում կարգուկանոնի վերականգնմանը։ Ի պատասխան՝ Գարեգին Բ կաթողիկոսի մամուլի քարտուղար Զարեհ Աշուրյանն ակնարկել է, որ Հայաստանի վարչապետը թլպատված է։ Այսինքն՝ նա իրականում մուսուլման թուրք է։
Ի պատասխան՝ առաջնորդ Փաշինյանը մեղադրել է Գարեգին Բ-ին կուսակրոնության երդումը խախտելու և երեխաներ ունենալու մեջ, ինչպես նաև խոստացել է անձնական հանդիպման ժամանակ նրան ապացույցներ ցույց տալ, որ նա թլպատված չէ։ Դրանից հետո արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը բանտարկվել են պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով։
Եկեղեցու ներկայացուցիչները ենթադրյալ դավադրության մասին հրապարակումներն անվանում են հատուկ ծառայությունների սադրանք՝ պնդելով, որ նրանք նման բան չէին նախատեսել և մտադիր էին գործել սահմանադրական շրջանակներում։Իրավիճակն այժմ փակուղի է մտել։
Միևնույն ժամանակ, ընդդիմության հետ դիմակայության թեժ փուլում իշխանությունները նաև ազատվեցին անհավատարիմ անվտանգության աշխատակիցներից։ Մասնավորապես, աշխատանքից ազատվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանը։
Սակայն եկեղեցու համար ավելի դժվար է պատասխան քայլ կատարել։ Չնայած այն չունի իշխանափոխության իրատեսական ծրագրեր, քիչ հավանական է, որ կարողանա արգելել հավատացյալներին Փաշինյանին «թուրք» անվանել։
Ըստ հոդվածի՝ քիչ հավանական է, որ Փաշինյանի կառավարությանն այս պահին ինչ-որ բան սպառնա՝ չնայած բոլոր բողոքներին։ Միևնույն ժամանակ, շատերը համոզված են, որ Հայաստանը որևէ փորձ չի անում Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ և խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական բանտից ազատելու հենց այն պատճառով, որ նա կարող է քաղաքական մրցակից լինել Նիկոլ Փաշինյանին։