28 Հուլ
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
23.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանությունների քայլերը նախադրյալներ են ստեղծում, որ Բաքուն փոխհատուցման պահանջ ներկայացնի․ Էլինար Վարդանյան

ՀՀ իշխանությունների քայլերը նախադրյալներ են ստեղծում, որ Բաքուն փոխհատուցման պահանջ ներկայացնի․ Էլինար Վարդանյան

Ադրբեջանի կողմից այդպիսի հայտարարություն առաջին անգամ չի լինում, այսինքն` վերջին մի քանի տարիների ընթացքում պարբերաբար ներկայացվում են հաշվարկներ, իրենց ենթադրյալ վնասների մասին․ ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն՝ անդրադառնալով Ալիևի օգնական Հաջիևի այն հայտարարությանը, թե Հայաստանն Ադրբեջանին 150 մլդր դոլարի վնաս է հասցրել։

Վարդանյանի կարծիքով՝ այսպիսի հայտարարությունները, որոնք պարբերաբար և հետևողականորեն արվում են, ինքնանպատակ չեն։

«Թեև իրենց կողմից նշվող խաղաղության պայմանագրով նախատեսված է միջազգային դատարաններում առկա հայցերից հրաժարում, բայց, միևնույն ժամանակ, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա գործողությունների համար, այսինքն՝ որևէ պահի, որևէ բան Ադրբեջանին չի կաշկանդելու միջազգային դատական ատյաններին դիմել և իրենց կողմից հորինված վնասի փոխհատուցում պահանջել։ Մյուս կողմից, այսպիսի հայտարարությունները նաև նախադրյալ են ստեղծում, որ ադրբեջանական իշխանությունը մեր իշխանության համար հերթական անգամ որոշակի գործողություններ կատարելու համար հարկադրանքի միջոցներ ստեղծի»,-ասել է Վարդանյանը։

 ԱԺ պատգամավորը չգիտի՝ ինչպիսի իրավական ճանապարհով կգնա Բաքուն, այսինքն՝ արդյոք կգնա՞ն միջազգային արբիտրաժներին դիմելու, թե՞ ՀՀ իշխանության հետ բանակցությունների և պայմանավորվածությունների գնալու ճանապարհով։

«Կանխատեսումներ անել, որ այդ արժեքային գումարի փոխարեն տարածքային պահանջներ կլինեն կամ որևէ այլ պահանջ կլինի, մի փոքր վաղ է, բայց այն, որ այդ հանգամանքը օգտագործվելու է ադրբեջանական իշխանությունների կողմից, որովհետև դրա դիմաց պատշաճ աշխատանք Հայաստանի իշխանությունների կողմից չեն տարվում, ակնհայտ է։ Մեր իշխանությունն այս ընթացքում նույնիսկ պատրաստ է հրաժարվել միջազգային հայցերից, որով կլեգիտիմացնի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան, և դրանով իսկ նախադրյալներ կստեղծի հետագայում Ադրբեջանի՝ արդեն ֆինանսական հայցերի համար։ Մեկը մյուսի հետ անմիջականորեն կապված են։ Երբ դու միջազգային դատարանից հրաժարվում ես, դատարանից հետ ես կանչում հայցդ և դիտարկում ես, որ եղել է «Արցախի օկուպացիա», իսկ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններ չեն եղել, դրանով իսկ արդեն նախադրյալներ ես ստեղծում, որ կարելի է դիմել փոխհատուցման պահանջով»,-եզրափակել է պատգամավորը։

 

Ռազմագերիներ